«Իշխանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու շարժումը կարող են շարժվել բոլոր ուղղություններով, բայց ոչ ավելին». Ստյոպա Սաֆարյան

«Իշխանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու շարժումը կարող են շարժվել բոլոր ուղղություններով, բայց ոչ ավելին». Ստյոպա Սաֆարյան
«Իշխանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու շարժումը կարող են շարժվել բոլոր ուղղություններով, բայց ոչ ավելին». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիան վերջին օրերին նոր թափ է ստացել, ի՞նչ սպասել այս գործընթացից:

-Տեսնելով ապրիլի 16-ի ակցիայի սկիզբն ու ավարտը, կրկնության զգացողություններ առաջացան ինձ մոտ: Առավոտյան ցուցարարների քայլերը շատ էին հիշեցնում «100 դրամի» շարժման քայլերը՝ շատ ցրված, անորսալի: Բայց կեսօրից հետո ակցիան լրիվ տեղափոխվեց այն դաշտ, ինչը մենք տեսել ենք 1996 թվականից սկսած՝ դեպի Բաղրամյան պողոտա, այնտեղ հանդիպում ստիկանական արգելապատնեշների հետ, ոստիկանական պատը ճեղքելու փորձ և այլն: Հանրային ուշադրությունը գրավելու առումով, իհարկե, օրը կարելի է հաջողված համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մյուսների համար, բայց արդյունքի տեսանկյունից դեռևս ճիշտ չէ խոսել առարկայական նվաճումների մասին:

Փաստացի խաղը, այսպես ասած, զրոյական գումարով խաղ էր, եթե չասեմ, որ իշխանությունը հնարավորություն ստացավ երեկոյան Քրեական օրենսգիրքը կախել ցուցարարների և ակցիայի կազմակերպիչների գլխին: Ակնհայտորեն ակցիայի կազմակերպիչները մոտեցան մի սահմանագծի, որտեղ իշխանությունը ցույց տվեց իր զինանոցը՝ սկսած Քրեական օրենսգրքից, վերջացրած հատուկ միջոցների կիրառմամբ, մյուս կողմից, նույնիսկ իշխանությանը հաջողվեց մի փոքր վախեր գցել հասարակության մեջ, գոնե այնտեղ հավաքված բազմության մեջ:

-Սպասելի՞ էր, որ մեծ թվով մարդ դուրս կգար փողոց, ընդհանրապես սա բազմամարդ ակցիա համարո՞ւմ եք:

-Այն խնդիրը, որը դրված է, այդ խնդիրը լուծելու համար տասնյակ հազարներով մարդիկ պետք է դուրս գան փողոց: Իսկ այս թիվը, թեկուզ եթե համարենք, որ 10 հազար մարդ է դուրս եկել փողոց, այդ խնդիրը չի կարող լուծվել: Առավել ևս այդ նույն 10 հազարներն ունեցել ենք նախորդ պայքարի ժամանակ, նույն ճանապարհն անցել են, բայց արդյունքներ չկան:

-Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունը ապրիլի 17-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման օրը, ամեն գնով հասնելու է իր նպատակին և անելու է իր գործը:

-Եկեք մի հայացք նետենք անցյալին՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ից հետո, երբ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել էր Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, ինչ ճանապարհ է անցել իշխանությունը: Իշխանությունն անցել է քառյակը խաղից դուրս հանելու ճանապարհով, նույնիսկ խոշոր քաղաքական գործչին քաղաքականությունից դուրս հանելու ճանապարհով, ինչպիսին Բարգավաճ Հայաստանի առաջնորդն էր:

Դրանից հետո իշխանությունն անցել է սահմանադրական հանրաքվեն կեղծելու միջով, խորհրդարանական ընտրությունների միջով: Իհարկե, այդ ամենը ցույց է տալիս իշխանության վճռականությունը: Իհարկե, այս ամենը հինգ տարի պլանավորված մի ռազմավարություն է, որի ավարտը ազադարարվելու է վաղը: Եվ այս կտրվածքով իշխանությունը ցույց է տալու իր դեմքը, իր զինանոցը և նաև, այո, սպառնալու է ուժ կիրառելու իր բացառիկ իրավունքով:

-Այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանը պատրաստ է բռնությամբ, անգամ արյունահեղությամբ իշխանության գա՞լ:

-Իհարկե, կարելի է վստահ պնդել, որ Սերժ Սարգսյանը հաստատ չէր ցանկանա պաշտոնն ստանձնել նման պայմաններում: Անգամ Սերժ Սարգսյանը չէր ցանկանա պաշտոնն ստանձնել ոստիկանական կարդոններով շրջապատված: Տեսեք, թե ինչ է ստացվում, վերջին 17 օրերին Նիկոլ Փաշինյանը շարժվեց աամենատարբեր ուղղություններով՝ դեպի Հյուսիս, Արևմուտք, անգամ Հանրային ռադիոյի շենք, բայց իշխանությունը չանհանգստացավ: Իշխանությունը նույնիսկ չանհանգստացավ, երբ այսօր առավոտյան փողոցներ արգելափակվեցին: Բայց երբ Նիկոլ Փաշինայնն ուղղություն վերցրեց դեպի Բաղրամյան պողոտա, նրան ցույց տրվեց սահմանագիծը:

Եվ պատահական չէր, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում էր՝ անցած օրերին շատ լավ են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց  այսօր կարծես գիծը խախտվում է: Իշխանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու շարժումը կարող են շարժվել բոլոր ուղղություններով, բայց ոչ ավելին: Երբ ուղղությունը փոխվում է, այդ դեպքում արգելք կա: Ես կարծում եմ, որ այսօրվա կեսօրվա միջադեպը հենց դրա մասին էր, նախազգուշացում, որն ուղեկցվեց ոստիկանության արված հայտարարությամբ, որ եթե այսպես շարունակվի, Քրեական օրենսգրքի հոդվածները նույնպես պատրաստ են:

-Ընդհնարապես ի՞նչ արդյունք կարող է տալ այս գործընթացը:

-Եթե մենք խոսում ենք պրոցեսի ու դրա արդյունքների մասին, ապա այսպիսի ամփոփում տամ: Եթե խաղը ծավալվում է ՀՀԿ գծած դաշտում և կանոններով և եթե այն դուրս չի գալիս այդ դաշտից, այդ ժամանակ կարող ես ամեն ինչ խաղալ: ՀՀԿ-ն լավ գիտի, որ եթե Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ընդամենը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի անձի վրա, ոչ թե ՀՀԿ «իրավունքի» վիճարկման վրա, այդ դեպքում ցավագին ռեակցիաներ չեն լինում, ինչը մենք տեսանք նախորդ օրերի ընթացքում: Երկրորդ հարցը խաղի կանոններին է վերաբերում: Եթե այդ խաղի կանոնները նախագծել է ՀՀԿ-ն՝ սահմանադրական փոփոխություներով, և դրան որևէ մեկը չի մասնակցել, իհարկե, ինչ ուզում ես արա, միևնույն է, խաղը տեղի է ունենում ՀՀԿ դաշտում, ՀՀԿ սահմանած խաղի կանոնների սահմաններում:

Եվ արդյունքն էլ լինելու է ՀՀԿ-ի համար ոչ վնասակար: Այ երբ ճեղքում լինի և խաղը դուրս գա այս շրջանակից երկու իմաստով էլ, այդ դեպքում արդեն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը կավելանան, բայց նաև միաժամանակ ՀՀԿ-ի անհանգստությունն ու  զինանոցը առաջ կգան, ինչը մենք տեսանք ապրիլի 16-ի կեսօրին: 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am