«Մենք բոլորովին նոր իրավիճակ ենք ստեղծել Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացմանը։
APA գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ 2024 թվականին կայացած նախորդ ֆորումից հետո աշխարհում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։
Նրա խոսքով՝ բացասական զարգացումներից են տարածաշրջանի հարևանությամբ սկսված նոր պատերազմները, իսկ դրականներից՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։
Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսին՝ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
«Համաձայնագրի նախաստորագրման վայրը նույնպես խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահի ներկայությամբ»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է նաև համատեղ հռչակագրի ստորագրման մասին՝ ընդգծելով, որ Թրամփը փաստաթուղթը ստորագրել է որպես վկա։
«Այսպիսով, մենք ոչ միայն վերականգնեցինք արդարությունը և ազատագրեցինք մեր տարածքները, այլև Հարավային Կովկասում ստեղծեցինք բոլորովին նոր իրավիճակ, որը նախկինում գոյություն չի ունեցել տարածաշրջանի անկախ պետությունների պատմության ընթացքում։ Ավելին՝ մենք այդ նոր իրողությունը պաշտոնապես ամրագրեցինք Սպիտակ տանը»,- հայտարարել է Ալիևը։



















