The Washington Post․ Արևմուտքի ղեկավարները գոհ կլինեն Էրդողանի հեռացումից. Ermenihaber

Ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» թերթը հրապարակել է «2023-ի կարևորագույն ընտրությունները լինելու են Թուրքիայում» վերլուծական մի հոդված։ Հեղինակը գրում է, որ հենց այդ ընտրությունները կձևավորեն Վաշինգտոնի, Մոսկվայի, Եվրոպայի և Ասիայի աշխարհաքաղաքական ու տնտեսական հաշվարկները։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Աշխարհաքաղաքական հարցերում Անկարայի ունեցած ազդեցությունն ապացուցում է Էրդողանի հաջողությունը երկար ժամանակ իշխանության մնալու գործում։ Չնայած սրան՝ երկրի ներսում և դրսում ընտրական սպասումը հակասական զգացողություններ է արթնացնում և նրանք, ովքեր մաղթում են, որ հունիսի 19-ին նա (Էրդողանը-խմբ․) գնա, չեն կարող լավատես լինել, թե ինչ կկատարվի նրանից հետո։

Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության, վերջին շրջանում S-400 համակարգերի, ինչպես նաև փախստականների վերաբերյալ՝  Արևմուտքի ղեկավարները գոհ կլինեն նրա հեռացումից»,- գրում է հոդվածի հեղինակը։

Միևնույն ժամանակ վերլուծության մեջ նշվում է, որ Էրդողանը, թեև որպես միջնորդ էր հանդես գալիս ռուս-ուկրիանական հակամարտությունում, բայց երբեք իր «սիրելի ընկեր Վլադիմիրին» սահմանափակող ազդեցություն չի ունեցել։

Ստամբուլյան «EDAM» ուղեղային կենտրոնի տնօրեն Սինան Ուլգենն անդրադառնալով վերոհիշյալ հոդվածին՝ շեշտել է, որ Էրդողանի հեռացումից հետո կփոխվի նաև Թուրքիայի արտաքին քաղաքական ուղղվածությունը, իսկ ներքին քաղաքականության մեջ պետք չէ սպասել 180 աստիճանի շրջադարձային փոփոխության, քանի որ 20 տարի տևած համակարգը փոխելու համար հարկավոր է քանդել նախկին՝ էրդողանական կառուցվածքը, որին էլ որպես արդեն ընդդիմադիր կուսակցություն «Արդարություն և զարգացումը» (ԱԶԿ-AKP)  խորհրդարանում դեմ կլինի։

Վերլուծական հիշյալ հոդվածը ներառում է նաև հատվածներ հավանական թեկնածուների վերաբերյալ։ Ըստ դրա՝ Էրդողանը կնախընտրի պայքարել «մի փոքր անգույն անուն» համարվող Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, ով 12 տարի է, ինչ ղեկավարում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), քան Ստամբուլի  ներկայիս քաղաքապետ, նույն կուսակցության անդամ, բավական երիտասարդ ու խարիզմատիկ Էքրեմ Իմամօղլուի հետ, որի շանսերը մասնագետները գնահատում են բարձր։

Որպես ամփոփում՝ հեղինակը գրում է, որ արևմտյան ղեկավարների լարված վիճակը  կշարունակվի այնքան, մինչև Թուրքիայում տեղի ունենան խնդրո առարկա ընտրությունները։