Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ քանի որ դատարանը արգելել է, որ իր պաշտպանյալը դուրս գա երկրից, Ազգային ժողովի նկատմամբ պարտք է գոյացել։ Նա նշեց, որ Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, պետք է մեկներ Ստրասբուրգ, սակայն դատարանը թույլ չի տվել։
Այդ ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվին է փոխանցվել 404 հազար 729 դրամ օրապահիկ։ Պաշտպանը միջնորդեց Արմեն Գևորգյանի բանկային հաշիվներից մեկի վրայից կալանքը հանել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել տվյալ գործուղմանը, փոխանցված գումարը չի օգտագործվել ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն այդ հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Նա դատարանին խնդրեց թույլ տալ Արմեն Գևորգյանին ունենալ առնվազն բանկային մեկ հաշիվ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ որոշում է միջնորդության լուծումը հետաձգել, մինչև կալանադրված գույքի արժեքը որոշելը։ «Սույն միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին»,- ասաց Դանիբեկյանը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: