ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում չհարվածել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը ունեցած իր ելույթի ընթացքում։
Թրամփի խոսքով՝ նա նման խնդրանքով դիմել է «ծայրահեղ ցրտի» պատճառով, և Պուտինը «համաձայնել է դա անել»։
«Սա պարզապես ցուրտ չէ, սա ռեկորդային ցածր ջերմաստիճան է։Եվ ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում չգնդակոծել Կիևը և այլ քաղաքներ։ Նա համաձայնեց, և պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «շատ մարդիկ» համոզում էին իրեն, որ նման խնդրանքով դիմելն անիմաստ է, քանի որ, նրանց կարծիքով, այն չի ընդունվի։ «Բայց նա (Պուտինը) դա արեց, և մենք շատ ուրախ ենք, որ նա դա արեց»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հայտնել է, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կա մեծ առաջընթաց։ Նրա խոսքով՝ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և ամերիկյան բանակցային խմբի մյուս անդամները «շատ ջանասիրաբար աշխատում են»։
«Կարծում եմ՝ մենք շուտով կկարգավորենք այն (Ուկրաինայի հակամարտությունը)»,- ասել է նա։



















