ՌԴ-ն նախատեսում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում Հայաստանի տնտեսության մեջ 1 միլիարդ դոլար ներդնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

«2021 թվականին վատ չի վերականգնվում փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ ունենք 17 տոկոս աճ: Եվ սա այն պարագայում, որ համաճարակային տարում 4 տոկոսով անկում ենք ունեցել: Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2,2 մլրդ դոլարի համատեղ կուտակված ներդրումներ՝ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան հստակ ծրագրեր ավելի քան մեկ միլիարդ դոլարի ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան:

Վոլվաչի խոսքով՝ դրանք լուրջ ներդրում կլինեն Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, սոցիալական ու մշակութային հարաբերություններում, նոր տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծման հարցում։

«Վիճակագրության համաձայն՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40%-ը Ռուսաստանի Դաշնությունից է: Ինձ թվում է, որ տրամաբանական է, որ այդ մասնաբաժինը գոնե պետք է պահպանվի: Հասկանալի է, որ կան այլ երկրներից, այլ գործընկերներից ևս ներդրումներ, բայց ես հույս ունեմ, որ Ռուսաստանը և ռուսական բիզնեսը կպահպանեն իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ»,- հավելել է նա:

Աղբյուր՝ Factor.am