Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում լարված իրադրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում Արցախի շուրջ իրադրությունը լարվել է, ինչը ընդգծվել է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ասաց, որ այս պահին զերծ կմնա որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։