Նախարարությունը մշակում է գործիքներ՝ զսպելու պատերազմից հետո ներդրումային դաշտի ռիսկերը

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում պատերազմից հետո ներդրումային դաշտի հետ կապված խնդիր տեսնում է, սակայն վստահեցնում է, որ պետությունը մշակում է ռիսկերը կլանելու գործիքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայիս դրությամբ մի շարք ներդրումային ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարի մակարդակից, վերջացրած որոշակի քայլերով:

«Ամբողջ տարածաշրջանում ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ կապված խնդիր կա: Եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր, դա ակնհայտ է: Հիմա մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ ռիսկերը  կլանվեն: Թե ինչպես է պետք դա անել, հիմա քննարկվում է»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ գաղափարախոսության մակարդակի վրա այդ գործիքները մշակվել են, մնացել է տեխնիկական մասը:

Քննարկվում է հատուկ գործիքակազմի հարց՝ ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցություն, ենթակառուցվածքի տրամադրում: Փոխնախարարը միանշանակ է համարում, որ ներդրումային միջավայրը վատացել է, առնվազն ժամանակ է պետք, որ նորից ներդրողներ գան:

«Կարճաժամկետում խնդիրը միանշանակ առկա է, նույնիսկ միջնաժամկետում է այդ խնդիրը առկա: Սակայն, համենայնդեպս, մոդելները ցույց են տալիս, որ երկարաժամկետում մենք կարողանալու ենք շարունակել աճել»,- նշեց փոխնախարարը:

Ավանեսյանը հիշեցրեց այն գործոնների մասին, որոնք ներդրողների համար Հայաստանը դարձնում են հետաքրքիր՝ աշխատուժի որակը, հասանելիությունը ԵԱՏՄ շուկաներին և այլն: