ՀԱԿ-ի հայտարարությունը ԵԽԽՎ-ի Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագծի մասին

Սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային հանձնաժողովն ընդունել է հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձեւի նախագիծ:
Բանաձեւի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում, անգամ առաջացնում համոզմունք, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների եւ սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների եւ մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը եւ նրա կողմից մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը:

Այսպես, նախագիծը.

  1. Առաջարկում ե փակված համարել 2008 մարտի 1-ի էջը, մինչդեռ մինչ օրս ոչ միայն չեն հայտնաբերվել 10 սպանությունների մեղավորները, այլեւ իշխանությունները ամեն բան արել են ոճրագործությունը կոծկելու եւ արդարադատությունը խափանելու նպատակով: Նման կեցվածքով ԵԽԽՎ-ն հակասում է անցյալում ընդունած իր իսկ բանաձեւերին, ԵԽ տարբեր պաշտոոնյաների, այդ թվում` գլխավոր քարտուղարների կողմից արված հայտարարույթուններին, փաստորեն` խրախուսում նման հանցագործությունների կրկնությունը:

  2. Անտեսում է այն հանգամանքը, որ երկխոսությունը սկսելուց հետո իշխանությունները նորից դիմել են ընդդիմության ակտիվիստների եւ նրանց փաստաբանների դեմ բռնությունների կիրառման մեթոդին, այնուհետեւ մերժել են Հայ Ազգային Կոնգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, համաձայն գործող օրենքի, ինչը ապացուցում է, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ հալածանքները կրում են քաղաքական բնույթ: Հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ չի կարող լինել երկխոսություն քաղբանտարկյալների առկայության պարագայում, ընդդիմությունը ստիպված է եղել առկախել երկխոսությունը:

  3. Անտեսելով բազմաթիվ ապացույցները, որ ընտրական կեղծարարությունը Հայաստանում տեղի է ունենում տասնյակ տարիների հասնող տեւական մի ժամանակաշրջանում եւ կրում համակարգային, վերեւից հրահանգված բնույթ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ որեւէ շոշափելի եւ արժանահավատ քայլ չի արվել ապագա ընտրությունների արդարությունը երաշխավորելու ուղղությամբ, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին` զերծ մնալ այդ հավատը խարխլող գործողություններից եւ հայատարարություններից հանուն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային հավատի: Նման կոչն անտեսում է այն պարզ իրողությունը, որ ընտրությունների նկատմամբ հավատի ձեւավորման միակ միջոցը` իշխանությունների կողմից արդար եւ ազատ ընտրությունների կազմակերպումն է, մինչդեռ նման ընտրություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ Հայաստանում առկա հոռետեսությունն իշխանությունների վարքագծի անխուսափելի հետեւանքն է: Տարակուսանքի պատճառ կարող էր լինել միայն նման հոռետեսության բացակայությունը:

  4. Ողջունում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, անտեսելով այն հանգամանքը, որ երկխոսության բանակցությունների սեղանին դրված ընդդիմության պահանջների որեւէ մեկն իրագործված չէ, ինչը նշանակում է, որ պահպանվել են ընտրակեղծարարության համար անհրաժեշտ բոլոր օրենսդրական բացերը:

  5. Խախտում է անկողմնակալ եւ բացառապես Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու գործառույթն ստանձնած կազմակերպություն լինելու սկզբունքը՝ բացահայտ քաղաքական աջակցություն հայտնելով իշխանություններին Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն՝ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարության հարցում:

 

Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն եւ նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ եւ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության եւ անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով: