«Ինքը չէր ասում՝ վատ ա, ասում էր՝ քիչ ա մնացել». Սերժիկ Հովսեփյանի զոհվելուց հետո կինն ասում է՝ կյանքս միանգամից դատարկվեց

«Էդ պահին ինձ համար ամեն ինչ վերջացավ, պրծավ»,- ապրումներն է նկարագրում 32-ամյա Արգինե Տոնոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն՝ 36-ամյա Սերժիկ Հովսեփյանին։

Արգինեն և Սերժիկը մինչև պատերազմը բնակվել են Հադրութում: Սերժիկ Հովսեփյանը զինվորական էր, լեյտենանտի կոչում ուներ, 13 տարվա սպա։ Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, սկզբնական շրջանում ծառայել է Ջրականում, այնուհետև տեղափոխվել Հադրութ։

Արգինեն պատմում է՝ պատերազմի լուրն իմանալուն պես մեկնել է առաջնագիծ և մասնակցել Ֆիզուլիի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 12-ին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Կինն ասում է, որ շոկային էր լսել ամուսնու զոհվելու մասին։ Ասում է՝ հաճախ էր ամուսնու հետ խոսում, ամուսինը միշտ հանգստացնում էր, թե ամեն ինչ լավ է, պատերազմը շուտով կավարտվի: 

«Ինքը չէր ասում՝ վատ ա, ասում էր՝ քիչ ա մնացել։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան զանգեցի, խոսեցինք, մեկ էլ երեկոյան՝ 5.45-ին զանգեցի, ասեց՝ հեսա ես կզանգեմ ու էլ չզանգեց… Վերջին բառը էդ ա եղել»,- հուզվում է Արգինեն և ասում, որ արդեն սիրտը կասկած է  ընկնում, որ ինչ-որ բան այն չէ։

«Իմ ամուսինը տենց չէր, որ ասեր ու չզանգեր, ինչ էլ լիներ, ինքը կարար մի վայրկյան զանգել, ասել՝ նորմալ ա։ Սաղ գիշեր զանգեցի, անհասանելի էր, արդեն հասկացա, որ ինչ-որ բան ա եղել, հետո հաջորդ օրն իմացանք, որ Ֆիզուլիի վրա հարձակում ա եղել»,- պատմում է Արգինեն։

Ասում է՝  չնայած գիտեին, որ հարձակում է եղել, և ամուսնու հեռախոսն անհասանելի էր, բայց միայն 3 օր անց է իմացել ամուսնու զոհվելու մասին․ 

«Հոկտեմբերի 15-ին իրիկունը զանգեցի իր ծառայակից տղային, ծանոթ էր, ասեցի՝ 3 օր ա՝ Սերժից լուր չունենք, կարո՞ղ ա տեսել ես, խոսե՞լ ես։ Էդ տղան մի պահ լռեց, համարյա լացելով ասեց՝ խի դուք չգիտե՞ք՝ ինչ ա եղել․․․ էդպես իմացանք, որ դեպքը եղել ա»։

Կինն ասում է, որ լուրն իմանալուց հետո ավելի դաժան շրջան է սկսվել, երբ գիտեր, որ ամուսինը զոհվել է, բայց մարմինը չէին կարողանում հանել մարտի դաշտից։ 

«Հոկտեմբերի 12-ին ա դեպքը եղել, դեկտեմբերի 3-ին են մտել տարածք, անճանաչելի ա եղել։ Մարտի 25-ին նոր ԴՆԹ-ով հաստատվեց»,- ասում է նա:

Արգինեն ասում է՝ լուրն իմանալուն պես կյանքը միանգամից մթնեց, կորցրեց իմաստը:

«Կյանքս միանգամից դատարկվեց, ժպտում ես, խոսում ես, չես հարմարվում։ Իր հետ կապված ամեն ինչը կարոտում եմ՝ իր ժպիտը, խոսքերը: Որ տղաս խոսում ա, քայլում ա, ոնց որ հերը լինի, նայում եմ, ոնց որ իրան տեսնեմ»,- հուզվում է կինը։

Արգինեն և Սերժիկը 12 տարվա ամուսիններ էին, երեք երեխա ունեն՝ 10-ամյա Էդմոնը, 8-ամյա Յունան և 4-ամյա Էդվինը։

Ուրախ, կյանքով լի, ընկերասեր ու բարեկամասեր՝ այսպիսին էր Սերժիկը: 

«Ինքը միշտ լավն էր տեսնում, ուզում էր ուրախ ապրեինք, միշտ ասում էր՝ երեխեքի հետ տեղ գնանք: Ազատ ժամանակ քիչ էր ունենում, բայց որ մի ժամ էլ, մի օր էլ ազատ էր լինում, գնում էինք մի տեղ, ուզում էր երեխեքի հետ անցկացներ։ Բոլորի հետ լավ էր, մենակ մեր հետ չէ, վերջին շորը կհաներ կտար ընկերոջը, որ ընկերոջ համար լավ լիներ։ 

Մինչև հիմա սաղ բարեկամությունը չի հավատում, որ նման մարդու հետ կարա սենց բան լինի, բայց ինչ անենք, մենակ ինքը չէր, էդքան հազարավոր զոհեր»,- կսկիծով ասում է կինը:

Արգինեն ասում է՝ փորձում է ուժեղ լինել, ամեն ինչ անել, որ երեխաները քիչ 

տխրեն. «Երեխաների համար եմ ապրում, ինքը միշտ ուզում էր, որ երեխեքը լավ լինեն»։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am