«Չտեսնողը սովորական մարդ է, ուղեղը տեղն է, լեզուն տեղն է, ու շատերից ավելի լավ կարող է բանակցություններ վարել ». Արտակ Բեգլարյանի պատմությունը

«Չտեսնողը սովորական մարդ է, ուղեղը տեղն է, լեզուն տեղն է, ու շատերից ավելի լավ կարող է բանակցություններ վարել ». Արտակ Բեգլարյանի պատմությունը
«Չտեսնողը սովորական մարդ է, ուղեղը տեղն է, լեզուն տեղն է, ու շատերից ավելի լավ կարող է բանակցություններ վարել ». Արտակ Բեգլարյանի պատմությունը

Ստեփանակերտում ծնված Արտակ Բեգլարյանը վեց տարեկան էր, երբ ականի պայթյունից կորցրեց տեսողությունը, իսկ Ղարաբաղյան պատերազմում կորցնելով հորը՝ մնաց երկու ավագ եղբայրների ու մոր հոգածության տակ:
«Հաշմանդամություն ունեցող մարդը պետք է համարձակ լինի էդ խոչընդոտները հաղթահարելու»,- ասում է 24-ամյա Արտակը:
Կուրանալուց հետո իր դժվարին օրերին սեփական կամքի նկատմամբ հավատը ժամանակի ընթացքում նրան դարձնում է ավելի ամուր և ուժեղ, և Արտակը սկսում է ապրել`պայքարելով իր երազանքների ու նպատակների համար:
«Եթե հաշմանդամություն ունեցող անձը մտածի, որ ինքը պետք է բաց լինի, պետք է շփվի մյուսների հետ, տանը չնստի, մի քիչ էլ իրեն նեղություն տա և ոչ թե բողոքի, ասի` բոլոր պայմանները թող ստեղծեն, ապա հաշմանդամը քայլող գովազդ կդառնա այդ պահին: Նա հասարակությանը ցույց կտա, որ կարող է ավելի շատ բան անել, ինչը շատերը չեն կարող»,- ասում է Արտակ Բեգլարյանը:
Խոստովանում է, որ միշտ այդ գիտակցությամբ է ապրել և 8-9 տարեկանից իր անկախությամբ և համարձակությամբ աչքի ընկել:

Այժմ, երբ հետ է նայում ու հիշում, թե ինչ դժվարությունների միջով է անցել, ինչ տոկունություն է ձեռք բերել սեփական իրավունքները պաշտպանելու և նպատակներին հասնելու համար, նրա դեմքը ողողվում է ժպիտով:

Մտովի ժամանակը հետ տալով` Արտակը հիշում է, թե ինչպես էր փոքր հասակում տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոց հաճախելուն զուգահեռ սովորում ջութակ, դաշնամուր և թառ նվագել:

«Հաշմանդամություն ունեցող մարդը, բնականաբար, իր հնարավորություններով չի զիջում, որոշ դեպքերում էլ, անհատից ելնելով, կարող է իր ընդունակություններով գերազանցել խնդիր չունեցողներին: Ես կասեի` մեր հասարակությունը բավականին բաց է նման խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ, խնդիրն ավելի շատ հաշմանդամների մեջ է, քան հասարակության»,- ասում է Արտակը:

Միջահասակ, ժպտերես երիտասարդը կոչ է անում մարդկանց պայքարելու իրենց նպատակներին հասնելու համար ու պատմում է իր անցած ուղու մասին:

Ներկայումս Արտակ Բեգլարյանն ի պաշտոնե ԼՂՀ վարչապետի օգնականն է: Բացի խորհրդականի իր աշխատանքից, որպես վելուծաբան` քաղաքական, վերլուծական նյութեր է գրում տարածաշրջանի, երբեմն ղարաբաղյան հակամարտության մասին:

Իր աշխատասիրության և ինքնավստահության շնորհիվ համալսարանական կրթություն է ստացել ինչպես հայաստանյան բուհերում, այնպես էլ եվրոպական մի շարք կրթական հաստատություններում:

«Փորձելու եմ առավելագույնս արդյունավետ քաղաքացի և մասնագետ դառնալ: Էդ արդյունավետության համար կրթությունն ինձ համար բավականին լավ գործիք է: Դրա համար ես ուղղակի ձգտում եմ հնարավորինս լավ և համակողմանի կրթություն ստանալ»,- ասում է Արտակը:

Սովորել է ԵՊՀ քաղաքագիտության բաժնում, այնուհետև մագիստրատուրան՝ կոնֆլիկտաբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

Նորանոր գիտելիքներ ստանալու և կայացած, իրավագիտակից քաղաքացի դառնալու ձգտումը խթան է հանդիսացել սովորելու նաև արտերկրում՝ Հունաստանում, փոխանակման ծրագրով մենեջմենթ և Լոնդոնի համալսարանական քոլեջում` քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրում գծով:

Չնայած իր կրթական բարձր մակարդակին, ունակություններին և աշխատանքային պատրաստվածությանը` վերադառնալով հայրենիք նա նորից հանդիպում է խոչընդոտների:

Նրան չեն թույլատրում մասնակցել ՀՀ ԱԳՆ-ին կից գործող դիվանագետների դպրոցի քննություններին, որին նա դիմել էր մեկամյա ծրագրով սովորելու, այնուհետև դիվանագիտական ծառայության անցնելու համար:

«Իմ փաստաթղթերը չընդունեցին, դիմումիս չնայեցին էլ՝ պատճառաբանելով, որ չտեսնողը չի կարող դիվանագետ դառնալ»,- «Մեդիալաբին» պատմում է Բեգլարյանը:

Նա վստահ է, որ իր գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները նույնիսկ չեն հետաքրքրել պաշտոնյաներին, իսկ նրանց որոշումը դիտարկում է որպես «կարծատիպային մոտեցում»:

«Իմ դիմումը մերժելիս նրանք հետագայում հղում կատարեցին նաև օրենքին՝ կառավարության 2002 թ. թիվ 121 որոշումը, որում սահմանված են դիվանագիտության ծառայության անցնելուն խոչընդոտող հիվանդությունների ցուցակը: Այնտեղ նշված չէ, որ կույրը չի կարող դիվանագետ դառնալ, իսկ նշված տեսողական հիվանդություններից ոչ մեկը ես չունեմ»:

Իր իրավունքների համար մշտապես պայքարի ելած երիտասարդն այս անգամ նույնպես չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու հանձնվել, մտածում է դիվանագետների դպրոցի դեմ դատական հայց ներկայացնել վարչական դատարան:

Նրա պայքարին միանում են նաև ընկերները, ովքեր հավատում են Արտակի կամքին և ուժին, նվիրված են նրան ու հավատարիմ:

«Ես վիճարկում եմ, որ առաջին հերթին իմ` կրթության իրավունքն է խախտվել, իսկ երկրորդ՝ չտեսնողը, միևնույն է, կարող է դիվանագետ դառնալ, անկախ նրանից, թե օրենքն ի´նչ է սահմանում: Հետևաբար, ինձ համար էդ օրենքը հակասահմանադրական է»,- վստահությամբ ու համառությամբ լի հայացքով ասում է Արտակ Բեգլարյանը:

Նրա պահանջը մեկն է ՝ թույլատրել իրեն մասնակցել քննություններին:

«Ուղղակի նրանք մտածել են, որ չտեսնողը` ուր, դիվանագիտությունը` ուր, ծանր աշխատանք է, հանդիպումներ և այլն: Չեն պատկերացրել, որ չտեսնողը սովորական, երկու ձեռքով, երկու ոտքով մարդ է, ուղեղը տեղն է, լեզուն տեղն է, ու շատերից ավելի լավ կարող է բանակցություններ վարել»,- ասում է Բեգլարյանը:

Սակայն մինչ դատական գործընթացների մեկնարկը` օրեր առաջ Բեգլարյանը մեկնեց ԱՄՆ. այս անգամ վեցամսյա ժամկետում նա իր գիտելիքները կկատարելագործի Բոստոնի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարման բաժնում:

Չնայած հաջողություններին և մեծ ձգտումներին, այնուամենայնիվ, Արտակ Բեգլարյանն ասում է, որ ուսումն ավարտելուց հետո նախատեսում է մշտապես ապրել Արցախում:

«Աշխատելու եմ հիմնականում քաղաքագիտական, վերլուծական և հասարակական դաշտում: Զուգահեռ կատարելու եմ նաև իմ պետական աշխատանքը»,- ասում է Արտակը:

Խոստովանում է, որ թեև մեծ հնարավորություններին` արտերկրում մշտական բնակություն հաստատելու ցանկություն երբևէ չի ունեցել և այժմ էլ չունի: Փոխարենը հայրենիքում սիրած և նվիրված ընկերներ ունի:

«Ընկերներս շատ են սիրում, որ մեր հավաքույթների ժամանակ երգում եմ ու հիմնականում` հայկական ժողովրդական երգեր»,- ասում է Արտակը:

Նաև խոստովանում է, որ շատ է սիրում շախմատ խաղալ ու զբաղվել ընթերցանությամբ՝ իր համար գիտելիքի անսպառ աղբյուր հանդիսացող գրքերի աշխարհում:

«Անկախ ամեն ինչից, պայքարելու, սեփական ուժերով հաջողության հասնելու ձգտումը պետք է մարդու ներսում լինի»,- վստահ է իր կյանքի պատմությամբ և հաջողություններով ճշմարտությունն ապացուցած երիտասարդը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` անձնական արխիվից

© Medialab.am