Արցախի պետական նախարարը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

«Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով»,- հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից:

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի՝ Վաշինգտոնում գործող գրասենյակների ղեկավարների հետ, ներկայացրել Արցախի ապագայի տեսլականը և քննարկել արդյունավետ համագործակցության հեռանկարները:

Բոլոր հանդիպումներին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: