Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին Վիեննայում հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան Կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում կողմերն ընդգծեցին գիտության, մասնավորապես՝ նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ թվում ոլորտային փորձագետների առավել լայն ներգրավման միջոցով:

Նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին և նշեց, որ Հայաստանը, 2006թ․ վավերացնելով Միջուկային զենքի փորձարկման արգելման պայմանագիրը, մշտապես հանդես է գալիս Պայմանագրի՝ բոլոր պետությունների կողմից վավերացման օգտին։

Կազմակերպության հետ աշխատանքներում արձանագրված արդյունքների և համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկման համատեքստում նախարար Մնացականյանը և  Գործադիր քարտուղար Զերբոն բարձր գնահատեցին հայ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ աշխատանքներում:

Երկուստեք կարևորվեց միջուկային անվտանգության ամրապնդումն  ազգային և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Կազմակերպության «Գառնի» սեյսմիկ կայանի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ ուղղված Ազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացմանը։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: