ՀՀ փոխվարչապետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համայնքների զարգացմանն ուղղված հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Վերջինի համատեքստում, Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացնելու առումով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ նախորդ տարի ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հինգ տարվա ճանապարհային քարտեզի իրականացմանը, ինչպես նաև՝ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչության բացման կարևորությանը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը, ինչպես նաև՝ հայկական և ֆրանսիական համայնքների միջև փոխգործակցության զարգացման ծրագրերը՝ այդ համատեքստում անդրադարձ կատարելով հունիսին Լիոնում կայանալիք միջոցառմանը Հայաստանի մարզերի ծրագրերն ու հետաքրքրությունները ներկայացնելու անհրաժեշտությանը։

Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում համատեղ շատ աշխատանքներ են իրականացվել, իսկ առաջիկա տարիներին՝ հատկապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, անելիքներն ավելի շատ կլինեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։