Հիմա որակապես նոր ընդդիմության ձևավորման, լայն կոնսոլիդացիայի նախադրյալներ կան. Սուրենյանցը՝ ձևավորված նոր շարժման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, օրերս սկսեցիք «Հանուն Սահմանադրության» շարժումը ու հայտարարեցիք, որ ճնշելու եք գործող իշխանությանը, որպեսզի նրանք հանրաքվեի չգնան։ Ինչպե՞ս եք պատրաստվում ճնշել նրանց, ու արդյոք իշխանությունը տեղի կտա՞ այդ ճնշումներին։

– Մեր  հավաքը ցույց տվեց երկու կարևոր բան․ նախ՝ բավական ակտիվ էր դահլիճը, ինչը ենթադրում է, որ հասարակության ակտիվ շերտերի մոտ արդեն կա գիտակցում, որ պետության հիմքերը խարխրվելու վտանգի տակ են, երկրորդ՝ նկատել եմ, որ բացի ՔՊ-ից ու նրա մի քանի սատելիտներից՝ մնացած ամբողջ քաղաքական դաշտը կոնսոլիդացվում է Անկախության հռչակագրի ու Սահմանադրության պաշտպանության շուրջ։ Դահլիճում ու հռետորների մեջ կային մարդիկ, որոնք ընթացիկ քաղաքական հարցերում ունեն վեճեր, բայց նրանք միասնական էին։ 

Երրորդ՝ իշխանության վարկանիշը չափազանց ցածր է ու այն գահավիժում է, ու մենք մեծ վստահություն ունենք, որ նա չի կարող ստանալ 648 հազար «այո», իսկ այդ պարագայում, եթե ճնշում գործադրենք, նա, ըստ էության, կարող է վախենալ նաև հանրաքվեի հեռանկարից, որովհետև հանրաքվեի տապալումը նշանակելու է իշխանության ֆիասկո։ 

Ճնշման միջոցով, այո՛, մենք փորձում ենք հասնել նրան, որ այդ հանրաքվեն տեղի չունենա, բայց նաև գլոբալ իմաստով իհարկե համարում ենք, որ այս իշխանությունն ընդհանրապես պետք է հեռանա, որովհետև դա նրա միակ ազգակործան նախաձեռնությունը չէ։ Ես հավատում եմ, որ հիմա լայն կոնսոլիդացիայի ու նաև որակապես նոր ընդդիմության ձևավորման նախադրյալներ կան։ 

– Ճնշման միջոցները որո՞նք են լինելու։

– Նմանատիպ հավաքներ՝ ավելի մեծ լսարաններում, փողոցային ակցիաները, հանրահավաքները, ի վերջո, պարզ է, չէ՞, մենք այս քայլերով նախապատրաստում ենք փողոցային ակտիվություն, որը հասարակության կոնսոլիդացիայի ավելի բարձր մակարդակի դրսևորում կլինի։ Քաղաքական ուժերի հետ այսօրվանից սկսել եմ կոնսուլտացիաները, շուտով կներկայացնենք շարժման ոչ միայն ինստիտուցիոնալ ձևը, այլ նաև համակարգող մարմինները, մեր օրակարգերը և այլն։

– Հանրության կոնսոլիդացիա կկարողանա՞ք իրականացնել ձեր շուրջ։

– Այո՛, խնդիրը երևույթը ճիշտ բացատրելն է։ Մի անհամեստ ցուցանիշ ասեմ. բոլոր այն հարթակների, որտեղ ես հյուրընկալվում եմ, ու նաև երեկվա հավաքի իմ հեղինակային արձագանքները ինձ հուշում են, որ հասարակությունը հասել է մի կրիտիկական սահմանի, որ իշխանության պատրվակներն այլևս չի ուզում լսել, մնում է ճիշտ մատուցենք: 

Սա չի նշանակում, թե դա մեխանիկորեն կարող ենք լուծել, որովհետև իշխանության քաղաքականությունը կարող է հանգեցնել հանրապետության փլատակների, շատ կարևոր է, որ մենք այդ փլատակների վերածվելը կանխենք, ու կոնսոլիդացիան արագ արդյունքներ տա։ 

– Պարո՛ն Սուրենյանց, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ուզում եք՝ վերջնարդյունքը իշխանության հեռացումը լինի։

– Այնպես չէ, որ այս մի դրվագում է իշխանությունն անթույլատրելի սխալ անում, կոնցեպտուալ առումով նրանք ձախողված, անկման ռեժիմի մեջ գտնվող իշխանություն են ու, այո՛, պետք է հեռանան։ 

– Քաղաքական բոլոր ուժերի՞ հետ եք պատրաստ համագործակցելու։

– Իրական ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև կան նաև գրպանային ընդդիմադիր ուժեր, որոնք հիմնականում դիրքավորված են իշխանության ճամբարում: Անուններ չտամ, բայց, կարծում եմ, մեր ընթերցողների համար պարզ է՝ ինչ շրջանակների նկատի ունեմ, որոնք դիրքավորվել են կեղծ արևմտամետության ու իշխանամերձ դիրքերում: Այդ ուժերից բացի՝ մնացած ուժերի հետ, այո՛, այս թեմայով խոսելու խնդիր կա։

– Խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելո՞ւ եք։

– Մեր նախաձեռնությունը բաց է, ես նրանց հետ էլ կխոսեմ, եթե նրանք որոշակի վերանայումներ անեն իրենց սխալ մարտավարության մեջ, ապա թող գան, ներգրավվեն, խնդիր չկա։

– Պարո՛ն Սուրենյանց, առաջին նախագահի ղեկավարած քաղաքական թիմը աջակցո՞ւմ է ձեզ, որովհետև Արամ Մանուկյանը ևս ներկա էր ձեր հրավիրած այդ քննարկմանը։

– Քննարկումը բաց էր բոլորի համար, ես կարծում եմ՝ Արամ Մանուկյանը թե՛ որպես անձ, թե՛ որպես կուսակցության ղեկավար գործիչ դիրքորոշումներ էր արտահայտում, որ շատ մոտ են ՀԱԿ-ի պատկերացումներին: Այս հարցը ՀԱԿ-ի համար, բնականաբար, շատ սկզբունքային է, ու ես վստահ եմ, որ մյուս ուժերի շարքում ինքն էլ կլինի այս շարժման առաջամարտիկներից մեկը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am