ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը

Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Էմիլ Օրդուխանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից առաջադրվել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանի թեկնածությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահության 14 անդամների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Էմիլ Օրդուխանյանը՝ 9 կողմ, 3 դեմ ձայներով: Անահիտ Ջիջյանը ստացել է 3 կողմ, 9 դեմ ձայն: 2 քվեաթերթիկ անվավեր էր:

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985 թ-ին: 1991-2001 թթ-ին սովորել է թիվ 119 Ժամկոչյանի անվան միջնակարգ դպրոցում: 2001-2006 թթ-ին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել քաղաքագետի, ֆրանսերենի մասնագետի որակավորում, 2006-2009 թթ-ին նույն համալսարանում շարունակել է ասպիրանտուրան՝ ռոմանական լեզուներ մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:

2007-2018 թթ-ին դասախոսել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2009-2016 թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում, 2013 թ-ից մինչ օրս՝ Մխիթարյան Միաբանության կրթահամալիրում՝ որպես հասարակագիտության դասախոս և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես քաղաքագիտության, քաղաքական կառավարման, միջազգային հարաբերությունների ամբիոնների դասախոս: 2020-2021 թթ-ին դասախոսել է Շիրակի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնում, 2012-2020 թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, 2014 թ-ից մինչ օրս՝ UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում:  2009-2014 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2009 թ-ից մինչ օրս  ինստիտուտի գիտական քարտուղարն է: