«Եթե սրանք պետք է վերարտադրվեն, էդ նշանակում է, որ ես էլ հայրենիք չունեմ, դրա համար եմ կռվում». Էդգար Բաղդասարյան

Ներքաղաքական հարցերի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, սահմանին անհանգիստ է, Երևանում քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների…

– Սա քաղաքականություն չի, սա мародерство է (դիակապտություն, դիագողություն – հեղ.)…

– Երեկ հրապարակվեցին քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները: Օրինակ՝ իշխանական ուժի ցուցակում կան գործարարներ, թեպետ հայտարարվել էր, որ գործարարները քաղաքականության մեջ գործ չունեն: Որպես մտավորական՝ ի՞նչ կարծիք ունեք կատարվողի մասին:

– Սարսափելի երևույթ է կատարվում մեր շուրջը: Հասկանում եմ, որ ընտրություններից բացի ուրիշ ճար չկա, եթե որևէ այլ բան արվեր առանց ընտրական համակարգի, քաղաքակիրթ աշխարհը մեզ չէր ընկալի: Չնայած էնպես չի, որ հիմա շատ լավ է ընկալում: 

Եթե մենք ձախողենք այս դեմոկրատական ինստիտուտները, աշխարհը մեզ հետ ընդհանրապես չի շփվի: Երբ երկրի սահմանները բաց են, ու թշնամին ինչ ուզում, գալիս անում է, երբ մինչև հիմա երեխաներին են հուղարկավորում, իսկ գերիների մասին արդեն մոռացել են… ծայրահեղ բացասական եմ գնահատում նման իրավիճակում ընտրություններ անցկացնելը: 

Որևէ մեկը ոչ կարեկցանք, ոչ խղճմտանք չունի, կարծես ոչինչ չի պատահել: Այս իրավիճակում նման քննարկումներն ու այդպիսի օրակարգը համարում եմ мародерство: Ջհանդամին գյոռը լինեն ցուցակի գործարարները, ո՞ւմ են իրանք պետք, իրանց անպետք ցուցակը ո՞ւմ է պետք:

– Ասում են՝ գործարարները չեն զբաղվի գործարարությամբ:

– Գիտե՞ք ինչ, երեք տարի, չէ՛, երեսուն տարի, իսկ այդ վերջին երեք տարին կուլմինացիան էր, բացի ստից, բան չեմ լսել: Այն, ինչ չէր կարելի նախկիններին, ու այն, ինչի համար փնովում էր նախկիններին, հանգիստ կարելի է, եթե դու իշխանության ես: Այստեղից շատ վատ հոտ է գալիս: Այնտեղ մարդիկ կան, որ առաջադրվում են, սկի կարդալ չգիտեն: 

– Այսինքն՝ կարծում եք՝ մի ճգնաժամից փորձում են դուրս գալ, բայց կարող են հայտնվել մեկ ա՞յլ ճգնաժամում:

– Գիտեք՝ մի անկեղծ բան ասեմ, ես պայքարելու եմ, որ այս ներկա իշխանությունները չվերարտադրվեն, որովհետև դրանից կախված է իմ՝ հայրենիքում մնալ-չմնալը: Ես դրա համար եմ պայքարում: 

– Ինչպե՞ս, պարո՛ն Բաղդասարյան:

– Չգիտեմ՝ ոնց, իսկապես չգիտեմ՝ ոնց: Մարդկանց բացատրելով, երևի… Բայց, ախր, անհնար է բացատրել: Նախկին-ներկա՝ չեմ սիրում այս տերմինոլոգիան, ամբողջ ազգը ա՛յ սենց պառակտված է: Բայց պետք է ասեմ, որ այս համատարած տգիտության մեխը ես բարդում եմ անցյալի իշխանությունների վրա, ու վերջապես վերջերս, չեմ հիշում՝ ով, հայտարարեց, որ մենք հիմա ենք հասկանում կրթության կարևորությունը:

– Քոչարյանն էր ասել…

– Պատկերացնո՞ւմ եք, նոր են հասկանում կրթության կարևորությունը: 70 տարեկան մարդ է: Բա մենք էս 20-25 տարի գոռում էինք էդ մասին: Գոռում էինք, մեզ ձեռ էին առնում, ասում էին՝ նստեք տեղներդ: 

Կոնֆորմիզմը մեզ ուղղակի կերավ. բոլորին, ով քաղաքական գործիչ դառնալու հավակնություն ուներ, միանգամից փչացնում ու առնում էին: Ա՛յ դրա հետևանքն է այս ամենը:

– 3 տարի առաջ շատերը հրապարակներում կարծես ուրախ էին, ունեին հույսեր…

– Հույսեր, անշուշտ, բայց անկեղծ ասեմ՝ սրանց ձայն չեմ տվել, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանին: Ես այդ տեսակը տանել չեմ կարողանում: Յուրաքանչյուր մարդ հենց ստեց, իմ հետ հարաբերությունները վերջանում են, սուտն ինձ համար ամենավատ բանն է: 

Առավելևս՝ համ ստես, համ մատ թափ տաս հեռուստացույցից: Դրանից էն կողմ էլ խոսակցության թեմա չկա: Էլ չեմ ասում՝ մնացածը: 

Երեք տարվա մեջ Հայաստանը ջնջվեց քարտեզից: Ես չգիտեմ՝ էս ընտրությունը ոնց պետք է լինի: Ընդեղ սահմանի վրա մարդիկ խելագարի նման փորձում են դիմակայել, ստեղ ռեստորաններում…

– Երկու օր առաջ էլ Հայրենիքին մատուցած ծառայության համար առողջապահության նախարարն ու փոխնախարարն են պարգևատրվել…

– Էս իդիոտիզմը սահման չունի, ես առանց թաքցնելու ասում եմ՝ մինչև «Իմ քայլի» տրիբունալը չտեսնեմ… նրանց ամբողջ ցուցակի 90 տոկոսը հայտնվելու է դատապարտյալի աթոռին: 

Ինչքան վատ, էնքան լավ երևույթն է ստացվում, դրա համար ես չեմ ասում՝ սրանք դավաճան են, ասում եմ՝ սրանք թշնամի են: Մի պատգամավոր կա, ասում է՝ Տավուշի մարզում էդ գյուղերը տեսե՞լ եք, ընդեղ մարդ չի ապրում, ամեն ինչ քանդած է: 

Որ խոզի ֆերմա ունենամ, սկի խոզ չեմ վստահի դրան, դա ո՞նց է պատգամավոր: Ո՞նց է պեղել այդ մարդկանց: Այսինքն՝ որտեղ մարդ չի ապրում, դժգույն վիճակ է, պետք է տանք թուրքի՞ն: 

Նման բան միայն թշնամին կարող է խոսել, սա թշնամություն է: Ես այդ մարդուն անձամբ կապտակեի որ տեսնեի, թող տանեն, ինձ նստացնեն:

– Պարո՛ն Բաղդասարյան, այսքան խնդիրներ եք նշում, նաև՝ տարածքային կորուստները, բայց մի քանի ամիս շարունակ ընդդիմությանը չհաջողվեց հեռացնել իշխանություններին, մարդիկ չէին մասնակցում հանրահավաքներին, իշխանությունն էլ ասում էր՝ տեսնում եք, սակավամարդ են ցույցերը: Ինչո՞ւ մարդիկ չեկան, ինչո՞ւ մարդիկ չկանգնեցին:

– Որովհետև ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ այդ ամենի հիմքը դրել է հենց այդ ընդդիմությունը: Իհարկե, նրանց շարքերում էլ կան նորմալ մարդիկ, բայց ես նրանց շարքերում տեսնում եմ դեմքեր, որոնց բոլորին ուղնուծուծով գիտեմ, բոլորին: Այս տգիտության արդյունքը իրանց մեղքով է, որևէ մեկը մեղանչե՞ց, բայց հիմա գնում են ընտրության: 

Որևէ մեկն ասե՞ց՝ 2015-ի կատաստրոֆիկ սահմանադրական հանրաքվեի համար կներեք մեզ: Այդ նույն Սերժ Սարգսյանը դրա համար ներողություն խնդրե՞ց: Դա քրեական հանցագործ է: Քրեական հանցագործ: 

Նա հենց դրանով Նիկոլին բերեց, ու Նիկոլը հագավ Սերժ Սարգսյանի վրով կարած կոստյումը: Դե հանե՛ք վրայից, տեսնեմ՝ կարա՞ք: Կլոունադա է, ո՞նց կարա ժողովուրդը կամ էն, ինչ մնացել է ժողովրդից, նրանց կողքը կանգնի: Խորքային գիտակցում է այդ ամենը:

Ստից բացի, բան չենք լսել՝ թե այս երեք տարին, թե էն մնացած տարիները: Սուտը դառել է նորմա մեր քաղաքականության մեջ, ինչպես նախկինում կաշառակերությունն էր: 

Էսպես որդնած մտածողությամբ ո՞ւր պետք է գնանք, դրա համար էլ ոչ մեկի «տանձին» չի ոչ մի բան, ոչ մեկի: Էն օրը մեկը պատմում էր, թե Արենիում գյուղացուն ասել է՝ գիտե՞ս՝ էս հողերի վերևները կարող ա անցնեն թուրքին, ասում ա՝ բռնեց ասեց՝ ա՛հ, ջհայնամ, ի՞նչ է եղել, թող գան, իրար հետ նորմալ կապրենք, կարևորը՝ խաղողը էժան կլինի: 

Էստեղ մարդ չկա իրականում, բիոզանգված: Դուք ուզում եք, որ այդ մարդիկ պետությո՞ւն սարքեն: Եթե սրանք պետք է վերարտադրվեն, էդ նշանակում է, որ ես էլ հայրենիք չունեմ: Ես դրա համար եմ կռվում: Այստեղ անձերի խնդիր չկա: 

– Ինչպե՞ս է արտահայտվում ձեր կռիվը, կարծես չի երևում:

– Կերևա: Բայց, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ անեմ, մյուս կողմից էլ՝ ամեն տեսակ կռվի պատրաստ եմ: 

Ես էդ թավշյա զառանցանքները չեմ ուզում լսել: Գանդիի փոխարեն Չե Գևարայի արձանը պետք է դնեին Երևանում, որն ասում էր՝ վերցրու ու փոխիր, մի՛ խոսիր: Այո՛, պետք է վերցնես ու փոխես: Այս մարդիկ քաղաքական գործիչ են ու Պլատոն չեն կարդացել՝ ամենահանճարեղ մարդը, որը երբևիցե ծնվել է այս երկրագնդի վրա: 

«Պետություն» գործը չեն կարդացել, որի 90 տոկոսը բարոյականության, բարեխղճության մասին է, առանց որի չի լինում պետություն և պետական գործիչ: 

Ուղղակի զզվելի է նայել այսօրվա գործիչներին: Գնացել են Օքսֆորդի ու Քեմբրիջի դիպլոմներ են բերում աչք մտցնում, բայց չեն հասկանում, որ գիտելիքի կուտակումը կրթություն չէ, մարդ չեն իրենք, ամենաբարձր կրթությունը մարդ լինելն է, ու առանց բարոյական օրենքի պետություն չի լինում: Տեսեք՝ ինչի ենք մենք հասել, դրեցինք մի սերունդ ոչնչացրինք, ու հիմա քեֆ-ուրախություն է, տաշի-տուշի: Ցավով եմ ասում, բայց նման ազգերը պետություն չեն ունենում, ուշ թե շուտ կորցնում են: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am