«Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, թե Արցախից ձերբազատվելով Հայաստանի խնդիրները կլուծեն, չարաչար սխալվում են». Հիլդա Չոբոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը

– Տիկի՛ն Չոբոյան, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցելեց Թուրքիա, հանդիպում ունեցավ թուրք գործընկերոջ հետ: Շատերը այդ այցը որակեցին պատմական, դուք ինչպե՞ս եք գնահատում այդ այցը:

– Արտաքին գործերի նախարարի այցելությունը չպետք է առանձին դիտարկել, այլ՝ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության ելքը այնքան էլ հստակ չէ, որովհետև Արևմուտքից մեծ հույսեր չկան: Եթե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով Հայաստանը փորձում է Ռուսաստանի գերակայությունից փրկվել, կարծում եմ՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա չէ:

Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուժեղ ու ավելի հավասարակշռված լինի: Կատարվող իրադարձություններին Ռուսաստանի վերջին ջղագրգիռ արձագանքը ցույց է տալիս, որ այդ հավասարակշռությունն արդեն իսկ խաթարված է: Այսօր ստեղծված միջազգային քաղաքական իրավիճակում, որտեղ մեծ հակադրություններ կան, կարծում եմ՝ Հայաստանը չպետք է կտրուկ քայլ անի՝ ընտրելով մեկ ուղղությունը, այլ պետք է Ռուսաստանի հետ լեզու գտնել, աշխատել ու ամրանալ միջազգային զանազան հարթակներում:

Այս նրբություններից Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ է հեռացել:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այդ երկրի ապագան շատ հստակ չէ, և այսօր ստեղծված իրավիճակում Թուրքիան Արևմուտքի, մեծ ծավալով օգնության կարիք ունի:

Հայաստանի իշխանությունները չպետք է մտածեն, թե Ռուսաստանը տկար է դարձել, թուլացել է պատերազմի հետևանքով, հետևաբար չպետք է արտաքին քաղաքական վեկտորներ փոխելու կտրուկ քայլեր անել:

– Դուք քաղաքական նախապատվությունների մասին խոսեցիք, բայց Հայաստանի իշխանություններն ասում են՝ դիմել են ՀԱՊԿ-ին՝ չի աջակցել, բայց ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստանի սահմաններ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

– Իրականության մեջ հայտնի չէ՝ Հայաստանն ինչ է ուզում Արևմուտքից: Շատ խոսվեց զենք-զինամթերք մատակարարելու մասին, օրինակ՝ Ֆրանսիայի կառավարական շրջանակների հետ շփումների ժամանակ մենք շատ ենք լսում՝ Հայաստանն ինչ ուզում է, մենք տալիս ենք: Բայց իրականության մեջ հստակ չէ՝ ի՛նչ է ուզում Հայաստանն Արևմուտքից:

Մյուս կողմից՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի սահմաններին նվազագույնն է, որ Եվրամիությունը կարող է անել, և, անշուշտ, պետք է օբյեկտիվ լինել ու ասել, որ Հայաստանն իրավունք ունի իր սահմաններին առնվազն քաղաքացիական դիտորդներ ունենալ:

Բայց պետք է նկատել, որ Արցախի խնդրից հրաժարվելով չէ, որ Հայաստանը պետք է Թուրքիայի բարեկամությունը վայելի կամ Թուրքիայի բարյացակամ վերաբերմունքը շահի: Թուրքիան միայն ուժի դիրքերից է խոսում: Սիրիայի օրինակը՝ մենք տեսանք՝ ինչպես Սիրիայի հետ եղբայրացան, նույնիսկ վիզայի խնդիրը չեղարկվեց, բայց մի քանի տարի անց Թուրքիան հարձակվեց Սիրիայի վրա և Սիրիայի ամենամեծ թշնամին դարձավ: Այնպես որ, չպետք է մեծ հույսեր կապել, այս այցերն ու հանդիպումները պետք է դիտարկել ընթացիկ հարցեր և ոչ թե որոշիչ ու անկյունադարձային քայլ համարել:

– Ձեր խոսքում ասացիք՝ Հայաստանը հրաժարվել է Արցախի հիմնախնդրից, դուք նման համոզմո՞ւնք ունեք:

– Ես՝ այո՛:

– Ինչո՞ւ:

Նախ՝ այդ հարցը հնարավորությունների ու կարողությունների խնդիր է, քանի որ Հայաստանում Արցախին օգնելու հնարավորություններ չեն ստեղծվել: Բացի այդ, քաղաքական խոսույթում իշխանությունները մեկ ասում են, որ Արցախի հայությանը բնաջնջում է սպառնում, մեկ էլ գնում ու երկխոսության մեջ են մտնում Ադրբեջանի հետ:

Այս վերաբերմունքի և դիրքորոշման փոփոխությունները իսկապես վնասակար են Հայաստանի ու Արցախի համար, Արցախի համար՝ առավել ևս:

Պրահայի հանդիպումից հետո ակնհայտ է, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից: Պաշտոնապես հրաժարվել է՝ հայտարարելով, որ Արցախի իշխանություններն իրենք պետք է երկխոսեն Ադրբեջանի հետ, մենք պետք է լուծենք մեր խնդիրները: Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, թե Արցախի հարցից ձերբազատվելով Հայաստանի խնդիրները կլուծեն, չարաչար սխալվում են: Մենք դրա համար շատ մեծ գին կվճարենք:

– ԵՄ քաղաքացիական դիտորդները շուտով կսկսեն պաշտոնապես իրականացնել իրենց դիտորդական առաքելությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ նրանք կարո՞ղ են զսպող միջոց լինել Ադրբեջանի կողմի հնարավոր զինված հարձակման հարցում:

– Չեմ կարող ասել, թե 100 դիտորդ ի՞նչ կարող է անել այդ երկար սահմանին, անշուշտ այս կերպ հնարավոր չէ վերջնականապես կանխարգելել զինված հարձակումը, բայց ոչնչից լավ է: Ես մեծ հույսեր չեմ կապում այդ առաքելության հետ, բայց այս առաքելությունը որոշ փոքր չափով կարող է զսպող ուժ լինել: Բայց եթե Ադրբեջանը որոշի հարձակվել, կարծեմ, նրան ոչինչ չի խանգարի:

Դիտորդական առաքելությունը պատուհան կարող է բացել հայկական կողմի համար պատրաստվելու, լուծելու պաշտպանական խնդիրները, դիվանագիտական ուղիները բովանդակային դարձնել:

Ամենակարևորը, որ ԵՄ դիտորդները կարող են Հայաստանին տալ, ժամանակն է՝ դիվանագիտական, պաշտպանական, ռազմական ու քաղաքական պաշտպանությունը կազմակերպելու համար:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am