«Կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն համատեղ նախաձեռնություններով հանդես գալ». Ջոնի Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի այցը Վրաստան։

– Հանդիպումն ու միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրված հուշագիրը դրական եմ գնահատում: Դա շատ կարևոր էր, քանի որ միջկառավարական հանձնաժողովը հնարավորություն է ինստիտուցիոնալ ձևով երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար։

Քանի որ անցյալ տարի այդ նիստը չկայացավ ու տեղափոխվեց այս տարի, դա հնարավորություն էր ամփոփելու այս վերջին երկու տարվա համագործակցությունը և նոր ուղիներ մատնանշելու տարբեր ուղղություններով։

Բացի դրանից, շատ կարևոր է, որ այս փոփոխվող տարածաշրջանում, որտեղ շատ ավելի անհրաժեշտ է դարձել երկու երկրի հարաբերությունների խորացումը, շատ ավելի ակտիվ հանդիպումներ լինեն, ու կողմերը քննարկեն նաև տարածաշրջանային գործընթացները։

Նաև շատ կարևոր ու տեսանելի է, որ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև միջանձնային շատ լավ հարաբերություններ կան։ Ինստիտուցիոնալ առումով էլ տեսանելի է, որ համատեղ քննարկումները շարունակական են, ինչն էլ հույս է տալիս, որ բոլոր նախանշված ուղղություններով համագործակցությունը կշարունակվի գալիք տարի։

Կարևոր է, որ էկոնոմիկայի նախարարները քննարկեցին բարձրավոլտի կառուցման ծրագիրը, ինչը ոչ միայն մեր էներգահամակարգերն է կապելու ապագայում, այլ նաև հնարավորություն կտա տրանզիտ երկիր հանդիսանալ հարևան երկրների միջև՝ էլեկտրաէներգիայի փոխանակման գործում:

Եթե դրան զուգահեռ մոտակա տարիներին կառուցվի նաև Իրան-Հայաստան բարձրավոլտը, ապա դա հնարավորություն կտա թե՛ Վրաստանին Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման, թե՛ Ռուսաստանին՝ Իրանի հետ ու մեր տարածքում, սա հնարավորություն կտա իրականություն դարձնել էներգակամուրջի գաղափարը, որի մասին առնվազն վերջին երեք-չորս տարին խոսվում է։

Տարածաշրջանային ապաշրջափակման այս գործընթացում կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն համատեղ նախաձեռնություններով հանդես գալ։

Կա հնարավորություն, կան ուղղություններ, որոնց հետ կապված կան շատ լավ նախադրյալներ, ուղղակի պետք է ակտիվ աշխատանք այս միջկառավարական հանձնաժողովով օրակարգ ձևավորելու, փոխելու։

– Կարծում եք, որ երկու երկրի համագործակցությունը տնտեսական առումով կարող է արդյունավետ լինե՞լ։

– Կարող է արդյունավետ լինել: Ուղղակի այստեղ բարդությունն այն է, որ Վրաստանի ու Հայաստանի տնտեսությունները գրեթե նման են, ու, ի տարբերություն հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնք ունեն գումարներ, որոնք լուրջ ներդրումներ են կատարել, որոնց հետ առևտրաշրջանառությունը բավականին ակտիվ է, մենք չունենք դա, ու այս պարագայում կա լավ հնարավորություն համատեղ պրոյեկտների միջոցով բերել ներդրումներ երկու երկրի միասնական շուկայի համար։

Վրաստանի ու Հայաստանի կողմից կա ցանկություն, ու շատ ճիշտ է դա, որ նրանք փորձեն միասնական շուկայով հանդես գալ արտաքին ներկրողների համար, ինչի շնորհիվ կակտիվանան նաև տնտեսական կապերը Հայաստանի ու Վրաստանի միջև։ Հիմքեր կան, որ 3-5 տարվա ընթացքում մենք կկարողանանք ունենալ էականորեն փոփոխված միջպետական առևտրաշրջանառություն։

– Տարածաշրջանային զարգացումների մասով, մասնավորապես, 3+3 կամ 3+2 ձևաչափի վերաբերյալ, Վրաստանը, ըստ ձեզ, վերջնական ի՞նչ դիրքորոշում ունի։

– Վրաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ նա ցանկություն չունի մասնակցելու այս կոնսուլտատիվ պլատֆորմին։ Դիրքորոշման մեջ փոփոխություն կարող է լինել այն դեպքում, երբ Արևմուտքում, առաջին հերթին՝ Վաշինգտոնում, ցանկանան, որ Թբիլիսին լինի իրենց ներկայացուցիչը կամ ներառված լինի այս պրոյեկտի մեջ, որպեսզի իրենք հասկանան՝ ինչ պրոցեսներ են կատարվում տարածաշրջանում այն ֆորմատի շրջանակներում, որից իրենք ձգտում են դուրս բերել Թուրքիային ու Ռուսաստանին։

Իմ կարծիքով՝ մոտ ժամանակներս, սակայն, պետք չէ փոփոխություն ակնկալել: Բայց դռները բաց են լինելու Թբիլիսիի առաջ, որպեսզի երբ Վրաստանը ցանկություն հայտնի միանալու այդ ֆորմատին՝ միանա։

Վրաստանի հիմնական խնդիրն այն է, որ Արևմուտքին փորձում են այս գործընթացից դուրս հանել, իսկ Վրաստանի դոկտրինալ փաստաթղթերում ևս ֆիքսված է, որ իրենց շահերն ապահովում է Արևմուտքի հետ ակտիվ համագործակցությունը: Այս պարագայում Արևմուտքը տարածաշրջանից դուրս մղելու բոլոր փորձերը կարժանանան Վրաստանի քննադատությանը։

– Պարո՛ն Մելիքյան, կարծում եք, որ Վրաստանի չմասնակցելը 3+3 ձևաչափին ավելի շատ պայմանավորված է նրանով, որ Արևմո՞ւտքն է դուրս թողնված այս ձևաչափից, այլ ոչ թե որ Ռուսաստանը և՞ս կա այս ձևաչափում։

– Գործոնները շատ են, բայց առաջնայինը ես համարում եմ Արևմուտքի չմասնակցելը: Ռուսաստանի գործոնը երկրորդական է, բայց եթե Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են ինչ-որ արդյունքի հասնել, Վրաստանն այս ֆորմատում պետք է լինի, որովհետև խոսքը տարածաշրջանում տարբեր նախաձեռնությունների մասին է, իսկ դրանք առանց Վրաստանի մասնակցության դժվար կյանքի կոչվեն: Իմ կարծիքով՝ ձևաչափի երկրները կաշխատեն ամեն ինչ անել, որ Վրաստանը ցանկություն հայտնի միանալ այդ ձևաչափին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am