«Պիտի գնանք, պայքարենք, եթե տեսնեն` մեզ հոգեբանորեն կոտրել են, միանշանակ ավելի հեշտ են գրավելու Արցախը»․ վիրավորված հրետանավորը ՝ Արթուր Աբրահամյանը

Հրետանավոր, սպա, 28-ամյա Արթուր Աբրահամյանը Արցախյան պատերազմի օրերին բեկորային վիրավորում ստանալուց հետո ապաքինվում է, մարտական ծառայության սակայն կկարողանա վերադառնալ 1․5 տարի հետո, քանի որ վիրահատությունից հետո այդքան ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար։

Աբրահամյանն ասում է, որ արդեն լավ է զգում, մտածում է վերջնական ապաքինվելուց հետո վերադառնալ Մարտունի, որտեղ ընտանիքն է։ Ասում է՝ այլ կերպ չի պատկերացնում, ստեղծված իրավիճակում ոչ թե պետք է մտածել լքելու մասին, այլ ինչ-որ դրական բան անել հայրենիքի համար, որովհետև այլ տարբերակ չի տեսնում։

«Եթե ձեռքներս ծալենք, նստենք, էդ դեպքում ընդհանրապես քո ուզածի լրիվ հակառակը կլինի, եթե մնաս, երկիրը զարգացնես, ինչ-որ դրական բան անես, պարզ է, որ դեպի լավը կգնա։ Մենք հետընթաց ապրեցինք էս վիճակում։ Դրա համար ամեն ինչ պիտի արվի, որ զարգանանք, որ, ամենակարևորը՝ հոգեբանական էս ճնշվածության մթնոլորտից դուրս գանք։ Ես ճնշված չեմ, բայց մտահոգություններ կան։ Ես կարծում եմ, որ ուժեղ մարդու համար անլուծելի հարց չկա, ամեն ինչ լուծելի է»,- ասում է հրետանավոր սպան։

Պատմում է, որ կռիվը սկսելիս եղել է մարտական հերթապահության, վիրավորվել է պատերազմի 4-րդ օրը՝ Թալիշը պաշտպանելիս, ցավում է, որ հենց առաջին օրերին վիրավորում ստացավ և չկարողացավ երկար պայքար մղել: 

«Դժբախտաբար վիրավորվել եմ 4-րդ օրը, չասեմ՝ ոչ մի բան չարեցինք, որովհետև հրետանավորը կարող ա մի ժամում շատ բան անել, կարևորը՝ ճիշտ անել։ Ինձնից մի քիչ հեռու ականը կամ արկը պայթեց, ձայն չեկավ, վերևից ընկավ, սնարյադ էր, վիրավորում ստացա, ընկերներս բերեցին հիվանդանոց, պոլկ, հետո Մարտակերտի հոսպիտալ, հետո Ստեփանակերտում վիրահատեցին, հետո՝ Մուրացան»,- պատմում է Աբրահամյանը։

Աբրահամյանների ընտանիքից պատերազմին մասնակցել են նաև հայրը և փոքր եղբայրը։ 22 տարեկան եղբայրը մարտի դաշտում զոհվել է։

«Պատերազմի ավարտից մի շաբաթ առաջ, դժբախտաբար, զոհվեց փոքր եղբայրս։ Ցանկացած ծնող էլ անհանգստանում է, բնական է, բայց եթե բոլորը անհանգստանան, ասեն՝ թաքնվի, մի՛ կռվի, չի լինի»,- նշում է հրետանավոր սպան։

Ասում է, որ պատերազմում պարտությունը պետք է ստիպի օր առաջ պատրաստվել հաղթանակի, նահանջել չի կարելի։

«Այսօրվանից պիտի պատրաստվենք, որ այս իրավիճակը չկրկնվի։ Ապագայի հաղթանակները նախապատրաստում են պարտությունից անմիջապես հետո։ Պետք է ընդունենք դա և պատրաստվենք ապագայի հաղթանակին։ Պետք է գերժամանակակից բանակ ունենանք, իսկ դրա համար տարիների ջանք է պետք դնել, հույսներս չպետք է դնենք որևէ մեկի վրա։

Մարդիկ 30 տարի նախապատրաստվել էին, դու ունես մի հատ, իրենք՝ 4, 5-6 հատ, իրենց քանակական առավելությունն ամեն տեղ էլ կար, միանշանակ, եթե դու մի հատ արկ կրակես, իրենք 3 հատ են կարողանում կրակեն, դրա հնարավորությունը ունեն։ Իրենք ամեն տեղ էին կրակում, ամեն ինչին՝ թիկունքին, սարերին, անտառներին, զորքին, գյուղին, իրենք չէին խնայում ոչ մի բան»,- ասում է Աբրահամյանը։

Ընդգծում է՝ պետք է կարողանալ դասեր քաղել, այլոց մեղադրելու փոխարեն հասկանալ սեփական սխալները. 

«Ուղղակի մենք չենք սիրում դասեր քաղել պատմությունից, եթե մարդ, կապ չունի պետություն, եթե հաղթում է, իր հաղթողի էյֆորիան մնում է, բայց գնալով մեծանում ու փուչ ա դառնում, մենք կարծում էինք՝ մեզ հաղթող չի լինի, բայց նույն պարտված թուրքը էկավ ու արեց, ինչ որ ասում էր։ Մեղավորը ով էր, իհարկե ոչ թուրքը, մենք»։

Ասում է՝ պատերազմը մինչ այս իմացած ձևով չէ, ժամանակները փոխվել են: 

«Մենք ինչին սովոր ենք, միանշանակ այդ ձևի չի պատերազմը։ Մարդկային գործոնը նվազում է, ու ոգու անկոտրումության խնդիր չկա, կարող ա մեկը՝ վախկոտ տղա, 200 կմ հեռու, հաղթի հազար ուժեղ տղու։ Մենք էդ ժամանակներն են ապրում»,- ընդգծում է Աբրահամյանը։ 

Արթուր Աբրահամյանն ասում է, որ ընտանիքով շարունակելու են Արցախում՝ Մարտունիում ապրել, ցանկությունն է, որ ոչ միայն արցախցիները վերադառնան հայրենիք, նաև շատ ուրիշներ: 

«Հասկանում եմ մարդկանց մտավախությունները, ուղղակի եթե մենք մեր հայրենիքի համար չպայքարենք, հաստատ ոչ ոք չի պայքարելու։ Ոչ մի խաղաղապահ սրտանց չի անի, կարող ա օգնի, բայց՝ իրենց շահից ելնելով։ Հույսներս չպետք է դնենք որևէ մեկի վրա»,- ասում նա։

Ընդգծում է, որ աշխարհի ոչ մի տեղ ապահով չէ:

«ԱՄՆ-ում, Երևանում, Ռուսաստանում էլ անվտանգ չէ, ոչ մի տեղ էլ աշխարհում անվտանգ չէ։ Պիտի գնանք, պայքարենք, եթե տեսնեն՝ մեզ հոգեբանորեն կոտրել են, միանշանակ հետ են գրավելու Արցախը, բայց եթե տեսնեն՝ չենք կոտրվել, ապրում ենք, արարում ենք, իրենք էլ են հասկանալու, որ հեշտ չի, ու մեր կարծիքի հետ հաշվի կնստեն»,- վստահ է Աբրահամյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am