ԱԱԾ-ն հերքում է Փաշինյանին և հաստատում դիրքային փոփոխությունը. Fip

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքում տեղի ունեցող գործընթացներից ու Հայաստանը Արցախին կապող երթուղու փոփոխությունից, հայտարարեց, որ գործընթացի արդյունքում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի՝ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Այսինքն փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է․ նույն դիրքերից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ»,- հայտարարեց Փաշինյանը։

Սակայն այս հայտարարությունից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությունտարածեց, որով, ըստ էության, հերքեց Փաշինյանին․

«1․ Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

2․ Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:

Ստացվում է, որ ի հեճուկս վարչապետի պնդման՝ այնուամենայնիվ դիրքային փոփոխություն տեղի է ունեցել և ոչ հայկական կողմի օգտին, ինչը փաստում է ԱԱԾ-ն։ 

Միաժամանակ, ըստ նույն հաղորդագրության, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչը վստահաբար չէր կարող սկսված լինել վարչապետի հայտարարության և ԱԱԾ հաղորդագրության միջև ընկած ժամերի ընթացքում, այլ սկսվել էր ավելի վաղ։ Հետևաբար՝ վարչապետը հայտարարությունն անելիս չէր կարող տեղյակ չլինել այդ մասին։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը սկսել էր այդ հատվածում դիրքավորվել հայկական կողմից ծանուցում ստանալուց հետո, հետևաբար վերջիններիս տեղաշարժը ևս չէր կարող անակնկալ լինել հայկական կողմի համար։

Այսպիսով փաստենք, որ Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե դրա հետևանքով հայկական դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, չի համապատասխանում իրականությանը։ Դրա հետևանքով գուցե հայ սահմանապահների տեղակայման վայրերը չեն փոխվել, սակայն ԱԱԾ հաղորդագրությունը փաստում է, որ եղել են տարածքային կորուստներ։

Դա են վկայում նաև Տեղ գյուղի բնակիչների արոտավայրերում ու ցանքատարածություններում ադրբեջանցիների դիրքավորումները։

Սևադա Ղազարյան

Fip.am