«Մեր գյուղացիք հո աննամո՞ւս չեն, որ թողնեն մեր հողը». Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետն ասում է, թե սպասում եմ կառավարության քայլերին

Լուսանկարը՝ Կարեն Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը

– Պարո՛ն Հովսեփյան, Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին գյուղում։

– Համայնքում ամեն բան լավ է, մեզ միակ անհանգստացնողը մեր հողերի հետ կապված խնդիրն է։ 

– Այս պահին կա՞ն բախումներ ադրբեջանցիների հետ։

– Ո՛չ, բախումներ չկան, եթե բախումներ լինեն, իմացեք՝ ես եմ բախումներ հրահրել։ Ես սպասում եմ կառավարության քայլերին։ Իրենց կամանդիրն էլ ասում է՝ ձեր վերևների հետ հարցերը լուծեք, մենք հո չենք ուզում ձեր հողերը։ Գյուղում մարտական ոգին շատ-շատ բարձր է։ 

– Ադրբեջանցիների կողմից սպառնալիքները ե՞րբ են եղել։

– Ամսի 6-ին է եղել։ Իմ ջոկատով կանգնած ենք եղել բարձունքին, որը կոչվում է Թորոսի խութ, իրենց կամանդիրը նախ մարտական գծով տեղակալին ուղարկեց 35 հոգով: Բարձրացան, խոսեցին, հաջորդ օրը եկավ կամանդիրը՝ երկու «ԿամԱԶ» զինվորներով։

Եկավ ասաց՝ մեր տարածքում դրոշ ես դրել, ասացի՝ դեռ կպարզենք: Ասաց՝ դե ես էլ գալիս եմ քո կողքը կանգնեմ, ասացի՝ կանգնի, այս կողմ մեր հողն է, այն կողմ ձեր հողն է։ Հետո եկան 17 հոգով կանգնեցին կողքս, մի հինգ ժամ մնացին, հետո կամանդիրն ասաց՝ Արգամ ջան, ես զորքս վերցնում եմ, իջնեմ, հետո կպարզենք։

Ապա առավոտյան զանգեց ասաց, որ երկու օրից մեր գեներալը կգա, ասացի՝ թող գա, ես կանգնած եմ միշտ մեր զինվորների հետ։ Եկավ գեներալը, թե բա՝ մեր հողը զավթել ես, ամբողջ Ադրբեջանը այդ մասին է խոսում, սկսեց սպառնալ, մեկ ժամ խոսեց, մինչև 12-ը ժամանակ տվեց։

Այլապես անօդաչու սարքերով, որոնք 30 կմ-ից հսկում են սահմանը, կխփենք։ Եթե քո զինվորները մեղքդ չեն գալիս, չես ափսոսում՝ կխփենք։ 800 մետր նահանջեցինք։

– Կառավարությունից որևէ արձագանք այս պահին կա՞։

– Կառավարությունից՝ չէ, սակայն զանգել են պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը։ Հիմա հարցով կադաստրը պետք է զբաղվի։

Հիմա կզբաղվեն, վերջնարդյունքը կիմանանք։ Թագուհին զանգեց, ասաց՝ բոլոր փաստաթղթերը պատճենենք, պատրաստենք։ Սպասում ենք, չգիտեմ դեռ, թե ինչ քայլեր են արվել։

– Համայնքում խուճապայի՞ն է տրամադրությունը։

– Համայնքում տրամադրությունը շատ բարձր է, մեր ժողովուրդը կռիվ տեսած, 88-ից մինչև 93 թվականները սահմանամերձ գյուղ ենք եղել, բոլորը կռված են։ Այստեղ որևէ արտագաղթ չկա, ավելին՝ Գորիսում երկու ապրող եկել են մեր գյուղ։ Մեր գյուղացիք հո աննամո՞ւս չեն, որ թողնեն մեր հողը։

– Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներ պահանջում են վարչապետի հրաժարականը։ Միացե՞լ եք նրանց պահանջին։

– Իմ անունը որևէ տեղ տեսե՞լ եք։ Ես զարմանում եմ, ես որևէ բանից տեղյակ չեմ, ես ժամանակ չունեմ, որ գամ Երևան։

Մանե Հարությունյան

MediaLab.am

Արավուսի գյուղապետը իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան:t.me/newsgrouptv24

Posted by Newsgroup TV on Friday, December 4, 2020