«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված անհանգստությունը, վախը, հնարավոր է, որ Արցախում ընտրություններին չկարողանան մասնակցել բոլոր ցանկացողները»․ Քաղաքագետ

Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա կարող է ոչ ցանկալի ազդեցություն ունենալ մարդկանց հնարավոր ցածր մասնակցությունը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը, անհանգստությունը, վախը, որ կա մարդկանց մեջ, հնարավոր է, որ ընտրություններին չկարողանան մասնակցել բոլոր ցանկացողները։ Սակայն թեկնածուներից որևէ մեկը կարող է մոբիլիզացնել իր ընտրազանգվածը և ստանալ առավելություն մյուսների նկատմամբ, ինչը, սակայն, չի արտացոլի հասարակության իրական տրամադրությունները»,- «Մեդիալաբին» ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք նույնպես հանդես են եկել մարտի 31-ի ընտրությունները հետաձգելու տարբերակի օգտին։ ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը բոլոր թեկնածուներին կոչ էր արել Արցախում արտակարգ դրություն մտցնել և ընտրությունները հետաձգել։ Նրա կոչին միացել են նախագահի թեկնածուներ Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը և Հայկ Խանումյանը։ Մարտի 27-ին համատեղ հայտարարությամբ թեկնածուները կոչ էին արել Արցախի իշխանություններին՝ երկրում արտակարգ դրություն հայտարարել ու հետաձգել ընտրությունները։

«Եթե իշխանությունները, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություններ անցկացնել, ապա կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը»,- մասնավորապես նշված էր հայտարարությունում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը անդրադառնում է վերջին օրերին քննարկվող հարցին՝ պե՞տք է հետաձգել Արցախի ընտրությունները, թե՞ ոչ։

«Եթե հնարավոր լինի ընտրությունները հիմա անցկացնել, հավանաբար Արցախի համար ավելի լավ կլինի, քանի որ ընտրական գործընթացն իրենից ենթադրում է հասարակության մեջ քաղաքական որոշակի ակտիվության արտահայտություն, ինչը ցիկլային որոշակի սթրես է մարդկանց համար, ժամանակ առ ժամանակ պետք է տեղի ունենա։ Այն ամբողջ գործընթացը, որը տեղի է ունեցել այս ընթացքում, ընտրություններին մնացել է մի քանի օր, հավանաբար ցանկալի չէր լինի ևս մեկ անգամ կրկնել»։

Ըստ Ղևոնդյանի, սակայն, այստեղ մի կարևոր բան պետք է հաշվի առնել՝ այն, որ այս իրավիճակը, հնարավոր է՝ Արցախում ընտրողների տրամադրության վրա ազդի։ Եվ դա կարող է բերել նրան, որ ընտրությունները չարտացոլեն այն իրական հարաբերակցությունները, որը կա Արցախի հասարակությունում։

«Օրինակ՝ ըստ իմ վերլուծության՝ պետք է որ Արցախում տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք չունի այնպիսի մեծ ընտրազանգված, որը 51 տոկոս ձայն կապահովի։ Սակայն, հաշվի առնելով այս իրավիճակը, կարող է այնպես լինել, որ մասնակիցների թիվն այնքան քիչ լինի, որ մեկ թեկնածուն կարողանա իր ընտրազանգվածն ամբողջությամբ մոբիլիզացնել և դրա հաշվին առավելություն ստանալ մյուս թեկնածուների նկատմամբ, ինչն իրականում պրոցեսի ցանկալի արդյունքը չէ։

Այդ պատճառով, կարծում եմ՝ երկու տարբերակն էլ հավանական է՝ ընտրությունների անցկացումն էլ, չանցկացումն էլ։ Կարծես թե գործընթացը գնում է այնպես, որ ընտրությունները չեն հետաձգվելու, տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն»,- «Մեդիալաբին» ասում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Անդրադառնալով հարցին, թե նախագահի թեկնածուները քարոզարշավի ժամանակ հասցրե՞լ են իրենց ծրագրերը լիարժեք ներկայացնել ընտրողներին՝ հաշվի առնելով այն, որ նրանց թվում քարոզարշավը դադարեցնողներ եղան, քաղաքագետն ասում է, որ քարոզարշավը ծրագրված ծավալով մինչև վերջ չի իրականացվել։

«Սակայն այդ առումով թեկնածուները կարծես թե հավասար պայմաններում են։ Իմ նշած տարբերակը՝ թեկնածուներից որևէ մեկի ընտրազանգվածը մոբիլիզացնելու հարցը, արդեն կախված է տվյալ թեկնածուի կողմից առաջնահերթությունների բարձրաձայնումից։ Հնարավոր է՝ լինի որևէ թեկնածու, ով հաշվի չառնելով որևէ վտանգ, սեփական շահը դնելով ամեն ինչի հիմքում՝ հայտարարի, որ ոչ մի վտանգ չկա, դուրս եկեք, գնացեք ընտրությունների, միայն թե ամեն գնով ինքը հաղթի։ Տեսականորեն դա էլ է հնարավոր։

Այդ իսկ պատճառով, որպեսզի գործընթացի հիմքում չլինի թեկնածուների վարքագիծը, ավելի ճիշտ կլինի ընդհանուր հայտարարություն արվի ընտրության կազմակերպիչների կողմից։ Իսկ կազմակերպիչն այս դեպքում իշխանությունն է՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ»,- ասում է նա։

Ըստ Ղևոնդյանի՝ պետք է համակարգային որևէ լուծում առաջադրվի այս դեպքում, որպեսզի թեկնածուների կողմից շահարկման հնարավորություն չլինի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am