«Իմացանք՝ կան ընտանիքներ, վատ վիճակում են, կեցության խնդիր ունեն, հյուրընկալեցինք մեր տանը»․ Վարդենիսից՝ Խարբերդ ապահովության փնտրելով

38-ամյա Ռուզաննա Մանուկյանի առօրյան սեպտեմբերի 13-ից փոխվել է, այժմ հոգ է տանում և խնամում իրենց տանը՝ Խարբերդի երեքսենյականոց բնակարանում, ապաստան գտած Վարդենիսից տեղահանված երկու ընտանիքի հինգ երեխաներին։

Ռուզաննան ասում է՝ Վարդենիսում բնակվող իրենց բարեկամները, իրավիճակով պայմանավորված, թողել են տները և Երևան տեղափոխվել՝ ապաստան գտնելով բարեկամների տանը, սակայն իմանալով, որ կան ընտանիքներ, որոնք գնալու տեղ չունեն, ապաստանի կարիք ունեն, Ռուզաննան ամուսնու հետ որոշել է այդպիսի երկու ընտանիքի իրենց բնակարանում տեղավորել։

«Իմացանք, որ կան ընտանիքներ, որ վատ վիճակում են, կեցության խնդիր ունեն, ու ամուսնուս հետ երկու ընտանիքի հյուրընկալեցինք մեր տանը: Այսօր միայն երեխաներն են մեր տանը՝ 6-16 տարեկան հինգ երեխա, ծնողները նորից Վարդենիս են գնացել, որ հոգ տանեն իրենց անասուններին, քանի որ իրենց ապրուստի միակ միջոցն են, պետք է երեկոյան վերադառնային, չգիտենք՝ կկարողանա՞ն գալ էս իրավիճակով պայմանավորված, թե՞ ոչ»,- ասում է Ռուզաննան։

Ըստ ՄԻՊ-ի տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչև այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել է իրենց տներից։ Տեղահանվածների գերակշիռ մասը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Ռուզաննան ասում է՝ երեխաները շատ չեն պատմում՝ ինչ են տեսել, միայն նշում են՝ պայթյուններից տունը, ապակիները դղրդում էին, սկզբում կարծել են՝ երկրաշարժ է։

«Հիմա էլ որ ինքնաթիռները գնում-գալիս են, դրանից շատ են անհանգստանում, վախենում են, իրենց համար դա սարսափ է՝ անօդաչուի, Սու-ի հետ են ասոցացնում։ Իրենց բացատրում եմ, որ օդանավակայանը մեզ շատ մոտ ա, դրա համար են ձայները լսում»,- ասում է Ռուզաննան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հայկական կողմի զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, այս պահին 105 է:

Ռուզաննան նշում է՝ թեպետ ընտանիքն անծանոթ էր, սակայն երեխաների հետ սկսել են մտերմանալ, ծնողներն էլ ինչ-որ չափով հանգիստ են, որ երեխաները կրակից հեռու են, ավելի ապահով վայրում։

«Երեխաների հետ որևէ բան ենք թխում, դրսում զբոսնում։ Մտերմացել ենք, ինձ առաջին օրվանից սկսեցին հարսիկ ասել, ես դեմ չեմ, ասեցի՝ ինչպես կուզեք դիմեք ինձ։ Ես երեխաներ չունեմ, իրենք մեր տունը լցրել են։

Իրենք սովոր են հաց ուտելիս թեյ խմել, նախորդ օրը հաց էինք ուտում, ասեցին՝ դուք հաց ուտելիս չե՞ք թեյում, արդեն սկսել ենք նաև թեյել հաց ուտելիս»,- ասում է Ռուզաննան ու նշում՝ այս դժվարին պահին բոլորս պիտի հնարավորինս մեր կարողացածի չափով փորձենք օգնել միմյանց։

38-ամյա կինն ասում է՝ բնական է, հեշտ չէ հյուրընկալել ընտանիքի, հոգալ սննդի հարցը, դժվարություններ կան, սակայն դրանք հեշտորեն է հաղթահարում, քանի որ այս իրավիճակում միայն այդպես կարող է հոգու հանգստություն գտնել՝ հասկանալով, որ ինչ-որ մեկի կարողանում է օգնել։

«Էսօր մեր երկրում թանկացումների հետ կապված հինգ երեխայի պահել մի քիչ դժվար ա, հեշտ չի, էն վիճակով են դուրս եկել, որ հագուստով պետք է ապահովել, մենք մեր խնայողություններն ենք օգտագործում։ Փորձում եմ աշխատել իրենց հետ, որ իրենց հոգեկան վիճակը ստաբիլանա, մեծ տղայի ընկերը զոհվել ա մարտի դաշտում, ու ինքը հոգեպես նենց ծանր վիճակում ա, որ չի կարողանում իր ընկերոջ հուղարկավորությանը մասնակցել։

Ես տանում եմ աշխատանքներ, որ զբաղվածություն ապահովեմ, որ զբաղվեն, որ չխորանա էդ ամենի մեջ, դժվար ա, հեշտ չի, բայց ինձ ավելի հեշտ ա էդ դժվարություները տանել, քան մտածել, որ ոչ մեկի համար ոչինչ չարեցի»,- ասում է նա:

Ռուզաննան ասում է՝ էլի զանգեր, նամակներ է ստանում, որ կան ընտանիքներ, որոնք ևս ապաստանի կարիք ունեն։ Փորձում է նաև նրանց կեցության հարցը կարգավորել՝ փնտրելով հյուրընկալող ընտանիքների։

«Էլի ընտանիքներ կան, որոնք իմանալով, որ օգնել ենք այս ընտանիքներին, մեզ են դիմում նույն խնդրով։ Ցավոք, ես չեմ կարող բոլորին տեղավորել մեր տանը, երեքսենյականոց փոքրիկ տուն ա՝ 9 հոգի։

Մենք սոցիալական մեդիայի էջերով, խմբերում հայտարարություն ենք տալիս, հույս ունենք՝ էլի ընտանիքներ կգտնենք, որոնք իրենց տանը կտեղավորեն, մինչև էս ամեն ինչը կհանդարտվի, ու ապահով լինի իրենց վերադարձը բնակավայր»,- ասում է Ռուզաննան ու նշում՝ չեն դիմել որևէ պետական կառույցի, փորձում են իրենց ուժերով կազմակերպել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am