«Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել». Տարոն Մարգարյան

«Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել». Տարոն Մարգարյան
«Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել». Տարոն Մարգարյան

Երեւանի Փակ շուկայի շուրջ բարձրացրած աղմուկին արձագանքել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը շինարարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տրամադրել:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ խոսակցությունների եւ քննարկումների առիթ հանդիսացած Փակ շուկայում մեկնարկած շինարարական աշխատանքների վերաբերյալ երեկ կեսգիշերին հաղորդագրություն էր տարածել «Փրկենք Փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը մասնավորապես ահազանգում էր, այն մասին, որ քանդվում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի տանիքը:
«Շարունակվում է վանդալիզմը գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի նկատմամբ: Չնայած պաշտոնյաների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», -նշված էր հայտարարության մեջ:
Հայտարարությանը հետեւած բուռն արձագանքներին պատասխանել է Տարոն Մարգարյանը:

«Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած գրառման մեջ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մարգարյանն նշել է, որ «կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով»:

«Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը,-իր էջում կատարած գրառման մեջ նշել է Մարգարյանը,- Եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»:

© Medialab.am