«Գյուղացու անվան տակ հիմա էլ արտահանողներին են ֆինանսավորում». Բերբերյանն անարդյունավետ է համարում մթերումների ծրագրում արված փոփոխությունները

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի մոտ կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը հարցեր է առաջացրել:

«Ինձ հետաքրքիր է՝ կառավարությունը գյուղացո՞ւն է օգնում, թե՞ ինչ-որ մի խումբ անձանց, որոնք արտահանմամբ են զբաղվում: Գյուղացու անվան տակ ֆինանսավորվում են մի խումբ գործարարնե՞ր»,- «Մեդիալաբին» ասում է Հրաչ Բերբերյանը՝ մեկնաբանելով կառավարության ընդունած փոփոխությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ի գործադիրի հերթական նիստի ժամանակ Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը: Կատարված փոփոխությամբ՝ մինչև 2022-ի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով: Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցը չբավարարելու դեպքում 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։

Մասնագետը վստահ է, որ սա, բացի նրանից, որ գյուղացու հոգսը չի թեթևացնի, մի բան էլ նոր խնդիրներ կառաջացնի: Բերբերյանն ընդգծում է՝ այս որոշմամբ սեզոնին էլի լինելու են մթերման հետ կապված խնդիրներ, որոնք ամեն տարի կան:

«Ֆինանսների նախարարի միջամտությունը տեղին էր, որովհետև մենք այս որոշման հետևանքով շատ նեգատիվ դեպքեր կունենանք: Այդ գումարը կվերցնեն ու կֆռացնեն, ցածր տոկոսով տրվող վարկ է, ի՞նչ է եղել որ: 3-4 տարի է՝ մեր կառավարությանը համոզում ենք, բացատրում, որ գյուղացու անվան տակ բանկերին մի՛ ֆինանսավորեք, գործարարներին, ներմուծողներին մի՛ ֆինանսավորեք»,- նկատում է Հրաչ Բերբերյանը:

Նա նշում է, որ հիմա էլ գյուղացու անվան տակ արտահանողներին են ֆինանսավորում: Բերբերյանն ասում է, որ եթե կառավարությունն իրոք ուզում է սուբսիդավորում անել, ապա ճիշտ կլինի այդ սուբսիդիան տալ հենց հողի սեփականատիրոջը, որն արտադրում է գյուղմթերք:

«Եթե գյուղացուն են ֆինանսավորում, թող հենց գյուղացու հետ էլ աշխատեն: 20 օր առաջ կազմակերպություն են գրանցել, որը պարարտանյութ պետք է ներկրի, որն անգամ դրանից գաղափար չունի: Էդ ինչո՞ւ կառավարության անդամները ձայն չեն հանում, որ 17 հազար դրամանոց պարարտանյութը դարձավ 21-22 հազար հենց սուբսիդիա մտցրեցին, թող ձայն հանեն, որ պարարտանյութի գինը արհեստականորեն 5-6 հազարով բարձրացավ իրենց հերթական սխալ որոշումից հետո»,- ասում է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկով պայմանավորված՝ այս տարվա մարտի 3-ին գործադիրը որոշեց սուբսիդավորել պարարտանյութերի ձեռքբերումը:

«Ծրագրի շրջանակում պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հա տարածքում մշակություն իրականացնելու համար, կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը։ Ընդ որում՝ ծրագրից կարող են օգտվել նաև 3 հեկտարից ավելի տարածք ունեցողները, սակայն կսուբսիդավորվի միայն 3 հեկտարի համար նախատեսված պարարտանյութը»։

Բերբերյանն ասում է, որ իրականում ինքը շատ լավ է հասկանում Կառավարության այս մոտեցումը, որովհետև շատ հեշտ է տասը գործարարի հետ աշխատել, քան՝ 200 հազար գյուղացու հետ, բայց այս պարագայում մասնագետը խորհուրդ է տալիս Կառավարությանը գյուղացու անունը չտալ:

«Չի կարող այս փոփոխությունը նպաստել, որ սեզոնին մթերման խնդիր չլինի, որ գյուղացին ինչպես անցած տարի էր բողոքում խաղողի մթերումից, այս տարի էլ չբողոքի: Ախր օրինակներն ունենք, չէ՞, պարարտանյութի փորձն ունենք, անցած տարվա աշնան փորձն ունենք, որ գործարանները խաղողի մթերումը ձախողեցին, ինչի հետևանքով գյուղացին կարողացավ մթերել բերքի ընդամենը 40-50%-ը»,- ասում է Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը նախկին սխալներից դասեր չի քաղում և տարեցտարի նույն սխալներն անում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am