«Ազատամարտիկն ուզում է հարգանքի արժանանալ ու կիսաքաղց չքնել». Փոքր Լեւոն

«Ազատամարտիկն ուզում է հարգանքի արժանանալ ու կիսաքաղց չքնել». Փոքր Լեւոն
«Ազատամարտիկն ուզում է հարգանքի արժանանալ ու կիսաքաղց չքնել». Փոքր Լեւոն

Հայկական բանակի կազմավորման 22 ամյակի առթիվ հնչող շնորհավորանքների կողքին իրենց անտեսված են զգում հայրենիքի համար իրենց կյանքը տված զինծառայողների ընտանիքներն ու սոցիալական ծանր վիճակում ապրող ազատարմարտիկներից շատերը: 

«Հայաստանում մաքուր ազատամարտիկը ճնշված վիճակում է գտնվում՝ թե բարոյապես, թե սոցիալապես»,- «Մեդիալաբին» ասում է Մարտակերտի ու Շահումյանում մարտերին մասնակցած ազատամարտիկ Լևոն Կարապետյանը, ում ծառայակիցները կնքել են Փոքր Լևոն անունով:

Նա հաշմանդամ է, պատերազմում կորցրել է ձախ ոտքը, ապրում է սոցիալական դժվարին պայմաններում:

«Ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը վատ ազդեցություն է թողնում կռվողների վրա»,- ասում է նա:

Փոքր Լևոնի խոսքով՝ ազատամարտիկներն այսօր ճոխությունների չեն սպասում իշխանություններից, «պարզապես ուզում են սովորական հարգանքի արժանանալ, կիսաքաղց չքնել»:

«Մի քանիսը կան սուտ ազատամարտիկներ, ամեն ինչ ունեն, ես խոսում եմ իսկական կռվողների մասին: Մարդիկ կան, որ մեդալները շարել են, չեն հարցնում՝ մնացածի երեխեքը ո՞նց են քնում, ազատամարտիկի ուսանողների վարձերն ո՞վ է փակում: Այս անուշադրությունը կառավարական օղակներում պետք է վերանա, ոչ թե ցուցամոլությունը սովորություն դարձնեն: Ոնց որ թազա պսակված հարս լինեն իշխանավորները՝ հագնվում ու պճնվում են: Նախագահից սկսած բոլորը պճնված են, էն դեպքում, երբ ազատամարտիկները սոված են»,- «Մեդիալաբին» ասում է  ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ընթացքում ազատամարտիկները պարբերաբար նստացույցեր արեցին Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Ազատամարտիկները վեց կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել կառավարությանը՝ կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում, իրենց անժամկետ հավելյալ թոշակի հատկացում՝ նվազագույն զամբյուղի չափով:

Պահանջներից մեկն էլ այն էր, որ պատերազմին մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակը կրկնակի բարձրանար:

Ազատամարտիկները պահանջում էին նաև, որ իրենց ընտանիքների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար սահմանվեն անվճար վիրահատություն, բուժօգնություն, ուսման և կոմունալ վճարների մասով զեղչեր: Այս պահանջները նախորդ տարի կառավարությունը լսեց, սակայն այդպես էլ չբավարարեց, հունվարից մոտ 15 տոկոսով բարձրացան միայն թոշակները:

Ազատամարտիկները նախորդ տարի նաև բողոքի ակցիաներ անցկացրեցին:

«Ազատմարտիկները դուրս էին եկել և դուրս են գալու, որպեսզի մեր երկիրը իշխանությունը գողացած ավազակախմբից ազատեն»,- «Մեդիալաբին» ասում է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ միայն ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելով՝ երկրում առկա խնդիրները չեն լուծվի, պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Ըստ Սուրեն Սարգսյանի՝ բանակում առկա վատ բարքերի դեմն առնելու համար նույնպես միակ ճանապարհը «երկիրը ղեկավարող ավազակախմբին պատասխանատվության ենթարկելն է»:

«Մենք մեր բանակի ու զինվորների կողքին կանգնած ենք, եթե պատերազմ լինի, նախ պետք  գրավել, ազատագրել Բաղրամյան 26-ը, թիկունքը ամրացնել և գնալ կռվել հանուն հայրենիքի»,- ասաց նա:

Նստացույցերին ակտիվ մասնակցած պահեստազորի գնդապես Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրական հետապնդումը ազատամարտիկները իշխանությունների կողմից հաշվեհարդար են համարում:

«Մենք վստահ ենք, որ դա իշխանությունների սարքած կապիկություններն են, Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելը, նրա վրա 5 տարի առաջվա գործ սարքել: Դա այս իշխանությունների ձեռագիրն է, նրանց համար ոչ ազատամարտիկ կա, ոչ սրբություն, ոչ հայրենիք: Նրանց համար միակ հայրենիքը փողն է, թալանը, որն անում են»,- ասում է ազատամարտիկը:

 Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է անցյալ տարի սեպտեմբերի 20-ին` «խոշոր չափերի խարդախության կասկածանքով»:

Մինչ այդ, Ավետիսյանը նստացույց էր սկսել Ազատության հրապարակում` պահանջելով բարելավել ազատամատրիկների սոցիալական պայմանները:  Շատերը ուղիղ կապ են տեսնում Վոլոդյա Ավետիսյանի պատմության եւ նրա սկսած պայքարի միջեւ: 

Լուսանկարում` Լեւոն Կարապետյանը

© Medialab.am