Փաշինյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստում կարևորեց գերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:

«Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար դարձան ագրեսիայի դիմակայման շրջան: Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ահաբեկիչ վարձկանների կողմից սատարվող Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմական գործողությունները ու պայմանավորվել իրավիճակի ապաէսկալացման պայմանների շուրջ: Արդեն ավելի քան 3 շաբաթ է, ինչ դադարեցված են ռազմական գործողությունները: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն, այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ: Առաջին հերթին դա ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհետ կորածների ճակատագրերի բացահայտումն է: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները` արագացնելու այդ գործընթացը և բարձրացնելու դրա արդյունավետությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ միաժամանակ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրման դեպքերը ռազմագերիների ու այլ պահվող անձանց նկատմամբ և նրանց արժանապատվության նսեմացումը:

«Երկրորդ հերթին` դա ԼՂ ժողովրդի վերադարձն է իրենց տները, վերականգնելը բնականոն կյանքը Լեռնային Ղարաբաղում: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ գտնվում են անվտանգության մեջ և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, և մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք և աջակցենք մեր հայրենակիցներին: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել պաշտպանելու հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները, որոնք գտնվում են ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

«Դրանք անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունն այսօր հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավոր»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը պատերազմի դադարեցման գործում: