«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նոր ուժ» կուսակցության անդամ, նախկին ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը
– Պարո՛ն Երիցյան, քաղաքապետարանի նոր որոշման համաձայն՝ Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի, արդարացված և տրամաբանվա՞ծ եք համարում այս որոշումը։
– Այդ փոփոխությունը, բնականաբար, բացասական եմ գնահատում, որովհետև լրացուցիչ բեռ է ավելանում մեր քաղաքացիների վրա, հաշվարկման նոր մոդելը տրամաբանական չէ և ուղղված է միայն ավելի շատ գումար հավաքելուն։ Սա միայն աղբահանության վճարների ավելացման խնդիր չէ, դա պետք է դիտարկել 2025 թվականի կտրվածքով քաղաքի բյուջեի եկամուտների ու ծախսերի տեսանկյունից, ու տեսնում ենք, որ Երևան քաղաքի եկամուտները շեշտակի աճելու են: Միայն 21 միլիարդ դրամով աճելու է հանրային տրանսպորտի բարձրացված գնի հաշվին, դրան գումարվում է աղբահանության բարձրացված վճարը, գումարվում է նոր մեթոդաբանությամբ գույքահարկի հաշվարկումը, որն էլի մյուս տարի բարձրանում է, ու մյուս ծառայություններից գանձվող վճարներն էլ իրար հետ շեշտակի մեծ գումար են բերելու բյուջե։
Բայց երբ նայում ենք, թե 2025 թվականի բյուջեով ինչ ծախսեր են նախատեսված, տեսնում ենք, որ այդ բարձր եկամուտները ոչ մի դեպքում չեն գնալու քաղաքացու կյանքի բարելավմանը, բոլոր կարևոր ոլորտներում 2025-ի բյուջեով ավելի փոքր հատկացումներ են նախատեսված։ Մինչդեռ տեսնում ենք, որ անհամեմատ աճել են պարգևավճարները, մշակութային միջոցառումներին 2.5 անգամ ավելի շատ գումար են տրամադրելու, որովհետև այստեղ իրենք ամենալավն են կարողանում գումարը պտտել ու լվանալ՝ անիմաստ ինչ-որ միջոցառումների կազմակերպմամբ։ Իրենց հետ փոխկապակցված ընկերություններին գումար են տալիս՝ հիմնականում մեկ անձից գնումով են մշակութային միջոցառումներ իրականացվում։
Այսինքն՝ այն, որ ավելի շատ գումար է մտնելու քաղաքային բյուջե, դեռ չի նշանակում, որ այն գնալու է քաղաքացու կյանքի բարելավմանը, այն մեծ մասամբ գնալու է չինովնիկների կյանքի բարելավմանը։ Իսկ աղբահանության մասով ուղղակի տրամաբանություն չկա բնակմակերեսով հաշվելու մեջ, քաղաքացուն քերելու ևս մեկ լծակ են գտել, մտածել են՝ որտեղից դեռ չենք քերել՝ կարմիր գծերը կան, տրանսպորտը բարձրացրին, մնացել է աղբահանությունը, դրան էլ հասան։ Ճիշտ է, այս պարագայում այդքան մեծ չէ բարձրացումը, որ ասեմ, համեմատելի չէ տրանսպորտի կամ կարմիր գծերի հետ, բայց եթե հաշվի առնենք, թե քանի բնակարան Երևանում կա, դա ահռելի գումար է կազմում։
– Հեղափոխական այս թիմից սպասելի՞ էր նման գործելաոճ, հիշում ենք, թե ինչ կարգախոսներով։
– Եթե սպասելի լիներ, ապա 2018-ին հեղափոխությունը չէր լինի, որովհետև մարդիկ դուրս էին եկել փողոց հանուն արդարության, հանուն հին բարքերի վերացման ու ավելի լավ կյանքի։ Ինչպես տեսնում եք, 2018-ից հետո մարդիկ ոչ միայն ավելի լավ չեն ապրում, նախ՝ ավելի անվտանգ ու ապահով չեն, որովհետև մեր ինքնիշխան տարածքում այս պահին այլ երկրի զինվորներ են, մեր հայրենիքի մի մասը չկա, դրան զուգահեռ էլ ստիպված են ապրել սոցիալական ավելի վատ վիճակում։
Քաղաքացիների սոցիալական բեռը բարձրացել է, որովհետև ամեն ինչի գները՝ ծառայություններ, անշարժ գույք, սնունդ, հագուստ և այլն, շեշտակի աճել են։ 2025-ից էլ ամեն ինչն է՛լ ավելի է թանկանալու, դրա մասին նույնիսկ Կենտրոնական բանկն է խոսել, հարկերն են բարձրացնում։ Այս ամենը տանում է սոցիալական բունտի, ու եթե նրանք չզսպեն այս ամենի թանկացումը, ի վերջո հաջորդ իշխանափոխությունը լինելու է սոցիալական հիմքի վրա, որովհետև մարդիկ այլևս չեն կարողանում ապրել ու գոյատևել ստեղծված իրավիճակում։
– Պարո՛ն Երիցյան, կարծում եք՝ լինելո՞ւ է այդ ընդվզումը։
– Ակնհայտ է, որ հասարակության մի ստվար հատված չի հարմարվում այս բոլոր փոփոխություններին, ու արդեն տեսնում ենք հասարակության տարբեր շերտերում նման ընդվզման հիմքեր։ Դրանք կլինեն անհատ ձեռներեցներն ու հաշվապահները, խորհրդատուները, մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց վարկերը փակել և այլն։
Այս ամենի հիմքերը կան, բայց ամենամեծ հիմքն այս իշխանությունների լկտիության մակարդակն է, որ մարդկանց հիմարի տեղ են դնում ու չեն ընդունում, որ այդ թանկացումները կան։ Սովորաբար ընդվզումները, հեղափոխությունները լինում են այն ժամանակ, երբ էլիտաները ամբողջապես կտրվում են իրականությունից, իսկ այս իշխանությունը ամբողջովին կտրվել է իրականությունից։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am