Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 230-ի մոտ առկա է թոքաբորբ, 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 230-ի մոտ առկա է թոքաբորբ, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ապրիլի 23-ին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:«Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն:

Բժիշկներն  ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել:Կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության նոր թույլտվությունը, պետք է նորից զգոնությունը չկորցնել: «Զգոնությունը թուլացնելու առիթներ չունենք»,-ասաց Թորոսյանը: Հայաստանում ապրիլի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1523 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 15 հազար  960 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 26-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 659։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 840 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: