«Իմ քայլը» առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը. ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի քվեարկության մասնակցեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը՝ 82 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:

Օրենսդրական փաթեթով, հիշեցնենք, նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, էապես նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված անցողիկ շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել. մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` 10 տոկոս: