«Բանակցային մակարդակում Ադրբեջանը նման պահանջներ երբեք չի կարող պնդել. այս ամենը քարոզչական նպատակ ունի». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ ակնկալիքներ է պետք ունենալ։

Կարևորն այն էր, որ այդ հանդիպումն առհասարակ տեղի ունեցավ, որովհետև հայտնի հրապարակումը, որը ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հասարակության շրջանակում լայն արձագանք գտավ, լուրջ գործոն էր, որը կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, որովհետև քանի դեռ կան նման երևույթներ և անպատիժ են մնում, խաղաղություն հաստատելու վերաբերյալ վստահությունը զրոյանում է։

Հետաքրքրական է, որ այդ պայմաններում, այնուամենայնիվ, արտգործնախարարները հանդիպեցին, ու մեկնարկեց այդ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։

– Հանդիպումից առաջ այդ տեսանյութի հրապարակումը պատահականությո՞ւն էր, թե՞ միտում կար։

– Չէ՛, նպատակ ուներ ձախողել հանդիպումը։

– Այսինքն՝ ադրբեջանական կողմը դեմ է և՛ բանակցություններին, և՛ խաղաղության պայմանագրի՞ն։

– Ո՛չ, չի ուզում։ Եթե Ադրբեջանն ի սկզբանե ցանկություն ունենար խաղաղությամբ հաշտվել Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նոյեմբերի 10-ին դուրս կբերեր իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքից ու կհամաձայներ, որ այնտեղ միջազգային խաղաղարար ուժեր տեղակայվեին, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լրիվ այլ նպատակներ է հետապնդում:

Այդ նպատակների մեջ է մտնում պահպանել Հայաստանի շրջափակումը, որը հավասարակշռող պայման էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Երկու տարի է անցել, բայց Ադրբեջանն ու Թուրքիան, օգտագործելով այդ միջանցքի պատրվակը որպես պայման, խուսափում են այդ ապաշրջափակումից ու շարունակում են Հայաստանը պահել շրջափակման մեջ։ Հասկանալի է, որ այս ճնշումների գլխավոր նպատակն է ստեղծել պայմաններ, որ Հայաստանը ստիպված լինի միանալ Ռուսաստանի ու Բելառուսի միութենական պետությանը՝ սպառելով իր անվտանգությունն ինքնուրույն ապահովելու կարողությունը, գտնվելով անընդմեջ օկուպացիայի ու ոչնչացման սպառնալիքների մեջ։ Իսկ այս քարոզը մենք տեսնում ենք, որ շատ ուժեղ է տարվում նաև պետական մակարդակով։

Սա աշխարհաքաղաքական ծրագիր է, որտեղ ամեն մեկն ունի իր շահը։ Ադրբեջանը միութենական պետության կազմում Ղարաբաղի հարցում ազատ է միջազգային պարտավորություններից ու կարող է ցանկացած լուծում առաջարկել։

Թուրքիան հետաքրքրված է, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը՝ հայկական հարցի համատեքստում, այսինքն՝ վերանա Ցեղասպանության ճանաչման պահանջը և այլն, իսկ Հայաստանի իշխանությունները համարում են, որ միութենական պետություն մտնելը հավերժ իշխանություն ձեռք բերելու քաղաքական հնարավորություն է, որովհետև միութենական պետությունը ավտորիտար հիմքի վրա ստեղծված միավորում է։

– Պարո՛ն Ղուկասյան, «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է մի հոդված, որը ստորագրված է «Հավաստի աղբյուր», ներկայացնելով այն պահանջները, որոնք ունի Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից։ Քանի որ բոլորին է հայտնի, որ այդ հավաստի աղբյուրը Նիկոլ Փաշինյանն է, կխնդրեմ ասեք՝ ինչո՞ւ նա այդ մասին չխոսեց օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, այլ որոշեց այս կերպ հանրությանը տեղյակ պահել։

– Որովհետև իրականում այդպիսի պահանջներ չկան։ Դա այդ քարոզչական ծրագրի ռազմավարության շրջանակում է այդպես արվում, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես իր վրա պատասխանատվություն չվերցրեց՝ որպես երկրի ղեկավար հնչեցնել, որ իբր այդպիսի պահանջներ կան։ Կան ադրբեջանական տեսակետներ, որոնցով Ադրբեջանը փորձում է ձախողել Արևմուտքի փորձերը՝ ազդել խաղաղ կարգավորման վրա։

Այն, ինչ ասվում է մեդիայի տիրույթում, ու այն, ինչ ասվում է բանակցային սեղանի շուրջ, տարբեր բաներ են, միշտ էլ այդպես է եղել։ Իրականում Իլհամ Ալիևը մի անգամ բացահայտել է դա, որ Ադրբեջանից փակ դռների հետևում պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, ու առ այսօր որևէ բան միջազգային հանրության դիրքորոշումներում չի փոխվել, ու դա պատճառաբանված է ոչ թե հայերի նկատմամբ ինչ-որ առանձնակի վերաբերմունքով, այլ դա միջազգային կանոն է, որ վիճելի տարածքի կարգավիճակը պետք է որոշի այդտեղ ապրող ժողովուրդը։

Դա հիմնարար իրավունք է, որը միջազգայնորեն ճանաչված է ու Արցախի հարցում արդեն 2007 թվականից ընդունված է՝ որպես խաղաղ կարգավորման հենարան։ Այս հրապարակումը, ըստ էության, բացահայտում է քարոզի նենգությունը, եթե միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկենք։ Քաղաքացին, որը միջազգային իրավունքի շրջանակում գիտելիք չունի, կարող է տրամաբանական համարել այդպիսի պահանջների առկայության հնարավորությունը, բայց իրականում նման պահանջներ չեն կարող գոյություն ունենալ։ Նման պահանջներ հնչեցնելը խնդիր ունի քարոզչական առումով պատկեր ստեղծելու, որը բանակցային շրջանակում Ադրբեջանը երբեք չի կարող պնդել, գոնե այն ձևով, ինչպես դա մատուցված է այդ հոդվածում։

Եթե պնդում եք, որ նման պահանջներ չեն կարող իրականում գոյություն ունենալ, ու դա արվում է այն նպատակով, որ Հայաստանը միութենական պետության կազմում ընդգրկվի, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունն այս ամենին կենսունակություն է տալիս միայն իշխանությունը պահելու նկատառումո՞վ։

– Այո՛, ու նաև Հայաստանն ու Ադրբեջանը դեպի միութենական պետություն տանելու նպատակով, որովհետև Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դրույթը, ինչը և բերեց Ուկրաինայում պատերազմի, ըստ էության, միութենական պետության ստեղծումն է։ Այսինքն՝ այս բոլոր պատմական, քաղաքական իրադարձությունները պայմանավորված են եղել ու շարունակում են պայմանավորված մնալ Ռուսաստանի ռազմավարական դրույթով՝ ընդլայնել միութենական պետության կազմը։

Այսօր այդ ծրագիրը առնվազն 50%-ով ձախողված է, որովհետև Արևմուտքը ակտիվ ջանքեր է ներդնում կազմաքանդելու այդ ծրագիրը, դրա համար էլ ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր ոլորտներում օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել։

Ու վստահ եմ, որ մենք կտեսնենք գնահատականներ Ադրբեջանի նկատմամբ, որոնք կվերացնեն Ադրբեջանի շարժառիթը՝ մտնել միութենական պետություն, իսկ Ադրբեջանի շարժառիթը Ղարաբաղը գրավելն է, որի հնարավորությունից ԱՄՆ-ն զրկում է Ադրբեջանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am