Հունաստանի Կրետե կղզում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մեկ մարդ է զոհվել, վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ, հեղեղվել տներ և խանութներ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ռեթիմնոյի, Իրակլիոնի և Լասիթիի շրջաններում։ Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը Կրետեի համար շարունակում է պահպանել վտանգի «կարմիր» մակարդակը։
Ինչպես հաղորդում է ERT News-ը,Ռեթիմնոյի Կարինես գյուղի 80-ամյա անասնապահը, որը չորեքշաբթի երեկոյից անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել է մահացած։ Նա գնացել էր իր անասունների մոտ և չէր վերադարձել։ Փրկարարական ծառայությունների տվյալներով՝ տղամարդուն գտել են անասնագոմի մոտակայքում՝ հեղեղատի հարևանությամբ։
Լիվադիայում հեղեղաջրերը քշել են Դիոսկուրիի կամրջի մի մասը։ Այդ պահին կամրջով մեքենայով անցնող երկու մարդ ընկել են գետը և վիրավորվել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ERT-ի տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Կղզու տարբեր շրջաններում գետերն ու առուները դուրս են եկել ափերից, գրանցվել են սողանքներ, ճանապարհներին կուտակվել են ցեխ և բեկորներ։ Որոշ վայրերում մեքենաներ են հայտնվել ջրի մեջ, իսկ բնակիչներին փրկարարները դուրս են բերել հեղեղված տարածքներից։ Լասիթիի սարահարթում սահմանափակվել է երթևեկությունը, իսկ Կրետեի մի շարք շրջաններում դպրոցները փակ են։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուժեղ անձրևներն ու ամպրոպները Կրետեում պարբերաբար կարող են շարունակվել մինչև կիրակի՝ հոկտեմբերի 4-ի առավոտ։ Որոշ շրջաններում արդեն գրանցվել են բացառիկ մեծ քանակությամբ տեղումներ. Զոնիանայում, օրինակ, մեկ օրվա ընթացքում տեղացել է 233 մմ անձրև։
Ուժեղ քամիները խափանել են նաև Հունաստանի ծովային հաղորդակցությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ռաֆինայի և Լավրիոյի նավահանգիստներում լաստանավերը շարունակում են մնալ կանգնած, իսկ Պիրեայից մի շարք երթուղիներ չեղարկվել են։



















