Վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի. Արսեն Թորոսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում:

Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարելը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը:

Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի:

Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ:

Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:

Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք:

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն: Թող սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ.Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն…

Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Samstag, 20. Juni 2020