«Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք

«Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք
«Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք

Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւանում: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ: Արդեն իսկ հաղորդվել է մեկ զոհի մասին: Ոստիկանական շենքը գրաված անձինք ժամեր շարունակ պահում են տարածքը վերահսկողության տակ: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Պահանջում են նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: 
Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը տեղադրում ենք ստորեւ: 

«Սասնա Ծռեր» խմբավորում. Մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:

Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:

Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ:

Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:

Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:
Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:

Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

Դիմում ենք Հայկական բանակին
Սահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում և շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Դիմում ենք Արցախի ղեկավարությանը
Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:

Դիմում ենք ոստիկանության ծառայողներին
Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներին
Դուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում և կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք:

Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

«Սասնա Ծռեր» խմբավորում, 17-ը հուլիսի 2016 թ., ժամը 5:28