Հայաստանում շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվությունը շարունակվում է

գրիպ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացնում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։

«Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։

Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային։

Հիշեցում. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով: