«Միջազգային հանրությունն արդեն համոզվում է` Ադրբեջանը էթնիկ զտման ուղղությամբ տարվող քայլ է անում Արցախում, որը կոնվենցիայի խախտում է». Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը

Պարո՛ն Ղազարյան, Ադրբեջանի գործողություններն Արցախում, որոնք հանգեցրել են հումանիտար ճգնաժամի, միջազգային ո՞ր կոնվենցիաներին են հակասում:

– Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն Արցախում, մասնավորապես, տեղի բնակչությանը կապույտ վառելիքից միտումնավոր զրկելը, էթնիկ զտման ուղղությամբ կիրառվող գործողություններ են, ու, կարծես թե, արդեն բոլորն են համոզվել՝ նույնիսկ Հայաստանից դուրս, որովհետև կրկնվում է իրավիճակը: Արդեն կարծիքներ են հնչում, որ պետք է իրավական գործընթացներում ներառել ադրբեջանական կողմի այս նոր գործողությունները՝ կոնկրետ Հաագայի դատարանում ընթացող իրավական գործերի շրջանակներում:

Կարծում եմ՝ Ուկրաինայում կատարվողի համատեքստում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքը գնալով ավելի խիստ կլինի, որովհետև վստահաբար արդեն կարելի է ասել, իհարկե մենք դա վաղուց գիտեինք, որ միջազգային հանրությունն արդեն համոզվում է, որ սա էթնիկ զտման ուղղությամբ տարվող քայլ է, իսկ դա ռասիզմ է, որը կոնկրետ կոնվենցիայի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի, որի հիմքով էլ Հաագայի դատարանում գործ է հարուցվել, Եվրոպական դատարանում կա միջպետական գանգատ, խախտում է:

Այսինքն՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը գնալով կմեծանա, բայց մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը նոր, տարբեր ձևեր է փնտրելու: Ադրբեջանի այս գործողությունները նաև հիմնավորում են տեսական մակարդակում հնչող կարծիքը, որ պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թեկուզ «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի ներքո, որը դեռ չի կիրառվել աշխարհի որևէ հատվածում, բայց տեսական մակարդակով արդեն բավականին ամրապնդվել է:

Նույն այդ Հաագայի դատարանը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին պարտավորեցրեց որոշակի քայլեր կատարել, բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլ նաև նոր հանցագործությունների է դիմում: Ի՞նչ մեխանիզմներ են պետք, որպեսզի Ադրբեջանը ենթարկվի միջազգային կառույցների կայացրած որոշումներին ու կատարի դրանք:

– Պետք է ապավինել նույն մեխանիզմներին, այսինքն՝ նույն մեխանիզմները պետք է անընդհատ-անընդհատ կիրառել: Վստահ եմ՝ Հայաստանը նոր փաստեր կուղարկի դատարան՝ համալրելով արդեն ներկայացված հայցը, իսկ այդ նոր փաստերն է՛լ ավելի հիմնավոր են դարձնելու Հայաստանի հիմնական պնդումները: Բացի այդ, հաշվի առեք նաև, որ Ադրբեջանի պնդումները՝ նույն էթնիկ զտման հիմքով, ականների մասով, մերժվեցին, այսինքն՝ այնտեղ փաստական տվյալներ չկային:

Ադրբեջանը որոշակի ռիսկի է գնում, երբ նման գործողությունների է դիմում, որովհետև այդկերպ ստեղծում է կարծիք և իրավական գործընթացներում ամրապնդում է Հայաստանի դիրքորոշումն ու է՛լ ավելի հիմնավորում անկախության անհրաժեշտությունը, որովհետև մի կողմից Ադրբեջանը երաշխավորում է, թե հայերը կարող են անվտանգ ապրել իր տարածքում, իսկ մյուս կողմից՝ գազամատակարարումից է զրկում այդ մարդկանց:

Պարո՛ն Ղազարյան, միջազգային հանրության փաստական ի՞նչ հայտարարություններ են հիմք տվել, որ մտածում եք, թե նրանք ևս արդեն համոզվում են, որ ադրբեջանական կողմը էթնիկ զտման քայլեր է իրականացնում Արցախում:

– Եվրամիության վերջին հայտարարությունը, նրա ավելի ակտիվ դիրքորոշումը, կարծում եմ, դա մասամբ կապված է նաև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ, որովհետև խաթարված է տարածաշրջանի անվտանգությունը:

Այս արձագանքներն են հիմք տալիս այդկերպ մտածելու, ու այդ արձագանքներն ավելի ու ավելի շատ կլինեն, որովհետև գնալով ավելի առարկայական է դառնում, որ Արցախում գազամատակարարման բացակայությունը կապ չունի տարերային աղետի հետ, այն ուղղակի էթնիկ զտմանն ուղղված քայլ է: Արձագանքներն ավելի կակտիվանան, իհարկե, նաև Հայաստանի դիրքորոշումն է շատ կարևոր, ավելի շուտ ակտիվություն, որ այդ հարցը բարձրաձայնվի:

Միջազգային հարթակներո՞ւմ նկատի ունեք:

– Միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, Եվրոպական խորհրդում և մյուս այլ հարթակներում այդ հարցը պետք է անընդհատ բարձրաձայնվի, ու փաստերը ներկայացվեն:

Ադրբեջանի այս գործողությունները եթե դիտարկենք նաև բնակչության բռնի արտաքսման փորձի համատեքստում, կարո՞ղ ենք ասել, որ դա նաև Ժնևի կոնվենցիայի խախտում է:

– Ժնևի կոնվենցիան վերաբերում է հակամարտություններին, եթե համարենք, որ հիմա մենք հակամարտության ակտիվ փուլ չունենք՝ լայն համատեքստում, գուցե, բայց սա կոնկրետ հումանիտար իրավունքի հետ կապ չունեցող դրսևորում է, եթե, իհարկե, լոկալ սահմանային բախումներ չլինեն, բայց զուտ գազի մատակարարումն անջատելը ճիշտ կլինի դիտարկել էթնիկ զտման համատեքստում, քան՝ հումանիտար իրավունքի:

Պարո՛ն Ղազարյան, ընդգծեցիք, որ այս պարագայում կարևոր է նաև Հայաստանի ակտիվությունը: Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որ միջազգային ճնշումն ու արձագանքները Ադրբեջանի գործողությունների նկատմամբ ավելի առարկայական ու ըստ էության լինեն:

– Ես կարող եմ միայն իրավական մասով ասել, իսկ քաղաքական կամ դիվանագիտական մասով ավելի կոմպետենտ անձինք պետք է արտահայտվեն: Եվրոպական դատարանում մասնավոր անձանց կողմից պետք է նախաձեռնել դիմումներ, որոնք հետո կմիանան արդեն միջպետական ընդհանուր գանգատին, Հաագայի դատարանում արդեն պետք է ներկայացվեն այս նոր փաստերը՝ ադրբեջանական քայլերի հետ կապված:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am