Հարձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հայ-ռուսական ռազմական պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում ապրիլի 14-ի իր ելույթում:

«Պետք է արձանագրենք, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով: Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը:

Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ, հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազային հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ: