Օբաման ու Րաֆֆի Հովհաննիսյանը. թեկնածուի մետրոյով երթևեկելը, ժետոն բաժանել, շուկա եւ վարսավիրանոց գնալ, ըստ մասնագետի խորթ են մեզ համար

Օբաման ու Րաֆֆի Հովհաննիսյանը. թեկնածուի մետրոյով երթևեկելը, ժետոն բաժանել, շուկա եւ վարսավիրանոց գնալ, ըստ մասնագետի խորթ են մեզ համար
Օբաման ու Րաֆֆի Հովհաննիսյանը. թեկնածուի մետրոյով երթևեկելը, ժետոն բաժանել, շուկա եւ վարսավիրանոց գնալ, ըստ մասնագետի խորթ են մեզ համար

Հայաստանի նախագահի թեկնածուներից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական ժամանակահատվածում կարծես ամերիկյան քարոզչության մոդելն է որդեգրել:
Եթե ԱՄՆ նախագահի նախընտրական շրջանում Բարաք Օբաման պիցցա էր առաքում, ուղիղ եթերում ճանճ սատկացնում ու արագ սննդի կետերում հերթ կանգնում սովորական մահկանացուի պես, Հայաստանում էլ ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ըստ երեւույթին, փորձում է արեւմտյան քարոզարշավի նմանօրինակ մեթոդներ կիրառել:
Արդեն երրորոդ օրն է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել է մետրոյով երթևեկել, մետրոյի ժետոն բաժանել մարդկանց, շուկա եւ վարսավիրանոց գնալ, խանութում եւ այգիներում լինել:
Այսօր օրինակ` Էրեբունի վարչական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է պատահական վարսավիրանոց և որոշել կտրել մազերը: Նա նաև այցելել է տոնավաճառ, զրուցել վաճառականների հետ, իսկ լրագրողների հարցին ի պատասխան ասել, որ սա «զուտ հայկական» քարզչաձև է:

Սակայն, ի հակառակ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պնդումների, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նշում է, որ նրա որդեգրածը «հայ հասարակության համար խորթ քարոզչության ձև է»:

«Մեդիալաբի» հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, որ PR տեխնոլոգիաների կիրառման ժամանակ պետք է նախ հաշվի առնել ազգային մենթալիտետը:

«Այդ PR տեխնոլոգիաները միգուցե շատ լավ աշխատեին ամերիկյան հասարակության մոտ, բայց հայ հասարակության մոտ նման տեխնոլոգիաները չեն աշխատում»,- ասաց նա:

Քարոզարշավ

Ըստ մասնագետի` մեր մենթալիտետը նման է ռուսական մենթալիտետին, հայ հասարակության կողմից նման քարոզարշավը` վարսավիրանոց գնալը, մազեր կտրելը, շուկայում շրջել և բոլորի հետ ձեռքով բարևելը, չի ընդունվի և արդյունք չի տա:

Ավելին, Արմեն Բադալյանն ասում է, որ այս քարոզչությունը հնարավոր է` բացասական ռեակցիա առաջացնի:

«Մարդը, երբ որ մտնում է նախընտրական քարոզարշավի մեջ, անպայման պետք է իմանա այդ հասարակության մենթալիտետը և անի այնպիսի PR քայլեր, որոնք հասարկության կողմից, մեղմ ասած, ծաղր չառաջացնեն»,- նշում է մասնագետը:

«Մեդիալաբի» այն հարցին, թե Րաֆֆի Հովհանիսյանը չի տիրապետում հայաստանյան իրավիճակին, թե՞ միտումնավոր է նման քարոզարշավ իրականացնում, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ միգուցե նրա խորհրդականները Ամերիկայում են ընտրարշավները տեսել, բայց Հայաստանի իրականությունը լրիվ ուրիշ է:

Օրինակ, այն որ մետրոպոլիտեն մուտք գործած Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ուղևորներն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, Արմեն Բադալյանը հետևյալ կերպ է մեկնաբանում.

Րաֆֆի Հովհաննիսյանը` մետրոյում

«Ուշադրություն չեն դարձնում երեք պատճառով: Հասարակությունը հասկանում է, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են և ցանկացած նման ոչ ադեկվատ քայլերը դեր չեն կատարելու: Երկրորդ` հնարավոր է, որ այդ թեկնածուի խնդիրն է, որովհետև հասկանում են, որ այդ թեկնածուն ոչինչ չի կարող անել: Երրորդ` ուղղակի չեն ընկալվում նրա քայլերը: Այս երեքի հանրագումարը այսպես է աշխատում»,-պարզաբանում է քաղտեխնոլոգը:

Ի դեպ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հենց Րաֆֆի Հովհաննիսյանին է դիտարկում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից:

Այսօր Ադիբեկյանը, ներկայացնելով իր սոցիոլոգիական հարցումների արդյունքը, նշեց, որ թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն է երկրորդ տեղում:

Անդրադառնալով այս հարցին, Արմեն Բադալյանը նշեց, որ առաջիկա ընտրություններում 4-5 ցուցանիշներ կեղծվելու են: Հատկապես կեղծվելու է մասնակցության ցուցանիշը, իշխանությունները վարչական ռեսուրսներով են մարդկանց բերելու ընտարտեղամասեր: Նման դեպքերում, ըստ մասնագտեի, մնացած բոլոր ցուցանշներն ուղղակի օբյեկտիվ չեն կարող լինել:

«Երկրորդ խնդիրն էլ այն է, որ Բաղրամյան 26-ը երևի արդեն որոշէլ է, թե ով է լինելու երկրորդ տեղում: Հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանին երկրորդ տեղը տրամադրեն: Այսինքն` այստեղ ոչ մի այլ քայլեր ու տեխնոլոգիա դեր չեն կատարում»,- նշեց նա:

Լուսանկարները` Ֆոտոլուր

© Medialab.am