Վարդան Ղուկասյանին և Արտակ Գալստյանին առնչվող՝ խոշոր չափերով շորթում կատարելու գործով երեք անձ կալանավորվել է

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ Վարդան Ղուկասյանին և Արտակ Գալստյանին առնչվող՝ խոշոր չափերով շորթում կատարելու գործով երեք անձ կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ, գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով, ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում. և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են, և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ:

Մոտ մեկ տարի առաջ Գալստյանը զանգահարել է Տիգրան Արզաքանցյանին և պահանջել 110 հզ դոլար՝ նրա և նրա կնոջ վերաբերյալ «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում նվաստացնող արտահայտություններ չհնչեցնելու համար: Արզաքանցյանը չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Ղուկասյանը յութուբյան իր էջում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ: Բացի դրանից՝ Ղուկասյանն ու նրա թիմը թիրախավորել են գիշերային ակումբներից մեկի հաճախորդներին՝ լռության համար ակումբից պահանջելով 60-100 հզ դոլար և ամսական 2-3 մլն դրամի դիմաց առաջարկելով պահնորդական ծառայությունների իրականացում:

Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Գալստյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են: Քննչական կոմիտեում քննության առարկա է ընդհանուր 46 դրվագ, այդ թվում՝ խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն քարոզելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի վերաբերյալ: