Գագիկ Ծառուկյան. «Հայրապետը»

Մհեր Արշակյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Խոսքը 33-մետրանոց արձանի մասին է:

Առաջին հարցը՝ որտե՞ղ է «Հայաստան աշխարհի բարձունքը»: Կարծես թե դա Արագածի ամենաբարձր գագաթն է: Քառագագաթ Արագածի ամենաբարձր կետը ծովի մակերևույթից 4090 մետր է: Էդ բարձրության վրա Քրիստոսի արձան կանգնեցնելու իմաստը ո՞րն է: Մեզ էդ արձա՞նն էր պակասում: Խեղճ Քրիստոսի հաջորդ փորձությունն է՝ չհերիքել սրտերում, բայց ծավալվել այս աշխարհի բարձունքներում:

Ծառուկյանն ինչո՞ւ է կանգնեցնում էդ արձանը՝ որ մարդիկ Քրիստոսի տեղն իմանա՞ն: Ուրիշ բան ու գործ չունի՞ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Փորձությունը, կարծում եք՝ մրցույթ հայտարարելո՞վ է ավարտվում: Ո՛չ: Դեռ պիտի պարզվի, որ Քրիստոսի կողքին առյուծներ էլ պիտի լինեն: Արձանի վրա դեռ կգրեն՝ «ի հայրապետութեան» Գագիկ Ծառուկյանի: Կատակ բան չէ Քրիստոս լինելը, ընկերնե՛ր: Միշտ քիչ է թվում ամենուր: Ինչ-որ մեկը Ծառուկյանին համոզել է, որ մեր բարձունքներում մի Քրիստոս է պակասում: Իսկ այն, որ երկրում սոված մարդիկ կան, մեռնող գիտություն կա, չկահավորված սահմաններ կան, ոչինչ: Քրիստոսի արձանը կլուծի՞ բոլոր այս խնդիրները:

Հա՛, կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ իր փողերն է, ինչ ուզում անում է, հո պետությունից չի թալանում: Բայց հենց դրանով է սարսափելի նրա նախաձեռնությունը՝ այսքան տարի ապրես երկրում, առաջնորդես քաղաքական ուժ, մոնիթորինգի ենթարկես բոլոր առարկայական խնդիրները, վերջում որոշես, որ մեզ Քրիստոսի արձանն է պակասում «Հայաստան աշխարհի բարձունքում»: Սա աղետ է:

Ծառուկյանին կարելի է հասկանալ՝ նա ուզում է հնչեղ բան անի, բայց ոչ օգտակար, մարդու սիրտը հայկական Ռիո դե Ժանեյրո է ուզում, որը ուխտատեղի կլինի ոչ այնքան մարդկանց, որքան… ամպերի համար: Նման նախաձեռնությունը,- ասում է պարոն Ծառուկյանը,- հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին:

Այսինքն՝ ո՛չ այդ հույսը կա, ո՛չ էլ լույսը: Այսինքն՝ էսքան եկեղեցիներ կան, մի քանիսն էլ պարոն Ծառուկյանն է սարքել, Քրիստոսից հետո երկրորդ մարդ կա՝ հանձին Սամվել Ալեքսանյանի, որը միս ու արյուն ունեցող արարած է, ու նրանք հույս ու լույս չեն, «Հայաստան աշխարհի բարձունքում» կանգնեցված Քրիստոսի մեռելածին արձանը հույս ու լույս կլինի: Էդ նշանակում է, որ եկեղեցիները, հոգևորականները, Աստվածաշունչը, մշակույթը, արվեստը, գիտությունը, միտքը էլ հաշիվ չե՞ն, մի արձա՞նն է մեզ պակասում պատերազմից հետո:

Ովքե՞ր են այդ մարդու խորհրդականները, որոնք չեն բռնում նրա ձեռքը: Ի՞նչն է խանգարում այդ մարդուն Քրիստոսի 33-մետրանոց արձանը կանգնեցնել իր տան բակում: Էդ տունն էլ է բարձունքի վրա, էդ բարձունքը Հայաստանի տարածքում է: Որովհետև, փաստ է, Հայաստանին Քրիստոսը շատ է, Քրիստոսն ամենուր է շատ, որտեղ ապրելը միայն ունենալը չէ, Հայաստանին բոլորովին ուրիշ բաներ են պակասում՝ գնահատել այն, ինչ ունենք, և ունենալ այն, ինչն արժի գնահատել:

Մհեր Արշակյան

MediaLab.am