Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր

Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր
Բացահայտվել են տարբեր մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակեպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով հասակակցի և մեկ այլ՝ 23-ամյա երիտասարդի հետ, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում, իր վարման տակ գտնվող ավտոմեքենաներով, վերջիններիս տեղափոխել է ՀՀ տարբեր մարզեր, որտեղ շենքերի բակում կայանված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներից կատարել են էլեկտրական մարտկոցների հափշտակություն՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ), իսկ 23-ամյա երիտասարդին և 1988թ. ծնված մյուս տղամարդուն՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին