Նորվեգիայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը

Նորվեգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է, ինչը վկայում է երկրում համավարակի երրորդ ալիքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի առողջապահության նախարար Բենտ Հյոյեն:

«Հիմա մենք գրանցում ենք ռեկորդներ, որոնք ոչ ոք չէր ցանկանա ունենալ: Մենք ունենք [խմբ.- կորոնավիրուսի] երրորդ ալիքը»,- ասել է նա: Նախարարը նախազգուշացրել է, որ իրավիճակի հետագա վատացման պարագայում իշխանությունները պատրաստ են ավելի խստացնել միջոցառումները:

Երկրում կորոնավիրուսով ընդհանուր առմամբ վարակվել է 82 հազար 455 մարդ, մահացել՝ 641-ը: Թեստավորվել է շուրջ 4 մլն մարդ, պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 450 հազար, իսկ երկու չափաբաժին՝ 250 հազար մարդ: