Զոհերի թվի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը շփոթմունք է. խոսնակ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած թիվը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհերի քանակի վերաբերյալ շփոթմունքի արդյունք է: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ: