Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2021թ․ հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշված է.

«Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը, ըստ որի` միջազգային չափանիշները բավարարվել են և ապահովվել է քվեարկության գործընթացի թափանցիկությունը: Լեհաստանի Հանրապետությունը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հետ, որը կկազմավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում և հույս է կապում երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացման հետ: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ աշխատել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առավել ընդլայնման և հակամարտությունների լիարժեք լուծման ուղղությամբ»:

Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: