35 մանկավարժներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի

35 մանկավարժներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի
35 մանկավարժներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում ընդունել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Վստահ եմ՝ չկա որևէ մեկը, ով չի գնահատում կրթության և գիտության դերն ու անհրաժեշտությունը: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն, և այս գործում ձեր դերը չափից շատ կարևոր է»,- մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մանկավարժներին` ասել է Կարեն Կարապետյանը:

Սովորողների դաստիարակության գործում ունեցած ավանդի համար քաղաքապետը պատվոգրեր է հանձնել 35 մանկավարժների, ովքեր օլիմպիադաներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, կրթական նոր մեթոդներով օրինակելի դասերի հեղինակներ:

Հանդիպման ընթացքում մանկավարժները գնահատել են քաղաքապետարանի պատրաստակամությունը կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում և հատկանշել են նախակրթարանների անվճար դառնալու սոցիալական կարևորությունը:

Քաղաքապետը նշել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապերտեզիդ» արշավները առայժմ ամենաարդյունավետ միջոցն են կրթարանների խնդիրներին արագ արձագանքելու համար: Երկու կայքերի շնորհիվ ավելի քան 1 միլիարդ դրամ է ուղղվել մայրաքաղաքի դպրոցներին ու նախակրթական հաստատություններին:

© Medialab.am