«Ե՛վ նախորդ, և՛ այսօրվա իշխանության էլիտաները բանակում չեն ծառայել, սա ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը բանակի նկատմամբ». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Պարո՛ն Իշխանյան, բանակում ոչ հակառակորդի կրակոցից մահվան դեպքերը շարունակվում են: Հունվարի 30-ին, պաշտոնական վարկածի համաձայն, ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և մահացել:

Զինծառայողի հարազատները պնդում են, որ նա ինքնասպանություն չէր գործի, արդար քննություն են պահանջում: Ի՞նչ է կատարվում բանակում, ինչո՞ւ են այս դեպքերը շարունակվում:

– Ցավոք սրտի, 1990-ական թվականներից հասարակության համար սովորական են դարձել բանակում մահացությունները: Ես չեմ խոսում հակառակորդի գնդակից զոհերի մասին, որովհետև մենք պատերազմական վիճակում ենք գտնվում, և դրանից խուսափել հնարավոր չէ:

Չնայած, եթե մենք խոսում ենք այդ զոհերի մասին, կարծում եմ՝ այդտեղ նույնպես շատ անելիքներ կան: Կարելի էր պաշտպանական ժամանակակից սարքերով այնպիսի վիճակ ստեղծել, որ հակառակորդի կրակոցներից զոհերի թիվը նվազագույնի հասցվեր:

Բայց առավել մտահոգիչ են զորամասերում տարբեր մահերը՝ ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել կամ սպանություններ: Այստեղ ես կուզեի մի փիլիսոփայական հարց բարձրացնել:

Հաճախ, երբ որոշ գործիչներ խոսում են ցանկացած գնով խաղաղության մասին՝ օրինակ բերելով զոհերին, ապա ցանկացած վիճակագրություն, բացի 2016 թվականից, ցույց է տալիս, որ խաղաղ պայմաններում զորամասերում զոհերի թիվն ավելի շատ է լինում, քան հակառակորդի գնդակից զոհվածները:

Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ որպեսզի զոհեր չլինեն, ի՞նչ, մենք պետք է լուծարե՞նք, չունենա՞նք բանակ: Եվ ես ցավով եմ ասում, որ փաստորեն ավելի քան 25 տարի այս հարցին լուծում չի տրվել:

Ի՞նչն է պատճառը, որ լուծումներ չեն տրվել:

– Ես կառանձնացնեի մի քանի պատճառներ: Ամենակարևոր պատճառն այն է, որ պատերազմող երկրում բանակում ծառայելը ոչ թե պետք է լիներ պարտադրանք ու ստիպված, այլ պետք է իրականում լիներ պատիվ, ոչ թե բարձրագոչ խոսքեր:

Եվ ավանդույթ պետք է լիներ, որ անկախ օրենքի տարբեր դրույթներից, բանակում չծառայելու համար մարդիկ իրենց շրջապատում պետք է իրենց լավ չզգային, էլ չեմ խոսում պետական պաշտոններ զբաղեցնելու մասին:

Բայց ի՞նչ է կատարվել այս ընթացքում, եկեք անկեղծ խոսենք՝ սիրասուն զավակներին բանակից տարբեր պատճառաբանություններով ազատելը եղել է պատիվ շրջապատում: Եվ ովքեր չեն կարողացել իրենց երեխաներին ազատել, համարվել են «հարիֆ» մարդիկ: Ես համարում եմ, որ սա է հիմնական պատճառը բանակում այդ բարքերի տարածման համար:

Փաստորեն բանակում ծառայել են հիմնականում այն մարդիկ, ովքեր չեն կարողացել իրենց զավակներին բանակից ազատել: Այս երևույթն արդեն գնահատման արժանի երևույթ է հատկապես պատերազմող երկրի համար:

Սա ես համարում եմ ամենակարևոր հարցը, և եթե մենք օրինակ բերենք ամենաքաղաքակիրթ երկրները, ապա նույն Մեծ Բրիտանիայում, որտեղ կայսրություն է եղել, արքայազնը Աֆղանստանում է ծառայել: Իսրայելում չես կարող պատկերացնել որևէ նախարար կամ նրանց զավակներին, որոնք բանակում չեն ծառայել:

Բացի սա, բանակի հետ կապված կան բազում այլ խնդիրներ: Այս տարիների ընթացքում մենք պետք է ունենայինք պետական մտածողությամբ, արժանապատվություն ունեցող սպաներ:

Ես նկատի ունեմ, որ մենք մեծ հարգանք ունենք սպաների, հատկապես պատերազմին մասնակցած բարձրաստիճան սպաների նկատմամբ, բայց հարցը ես ավելի լայն եմ դնում:

Պետական մտածողությամբ սպաներ պետք է ունենանք, որոնց համար բանակն իրականում կլիներ հարազատ ընտանիք: Եվ այդ սպաները հարազատի պես պետք է վերաբերվեին իրենց զինվորներին:

Եվ այս 26 տարիների ընթացքում այնպես պետք է լիներ, որ ռազմական ուսումնարան ընդունվելը լիներ պատիվ: Իսկ ովքե՞ր են ընդունվել ռազմական ակադեմիա, այն մարդիկ, ովքեր թերևս… Ես չեմ ուզում նսեմացնել, չշարունակեմ:

Եվ սպայական կրթությունը պետք է լիներ այդ ռազմական ուսումնարանից: Իսկ ինչպիսի՞ն է այնտեղ դրվածքը: Չշարունակենք, մանավանդ երբ ինքնասպանության ու սպանության դեպքեր են եղել հենց ռազմական ուսումնարանում:

Սրանք են հիմնական խնդիրները: Մենք կարող ենք խոսել բանակում հոգեբանական ծառայության, տարբեր հարցերի մասին, բայց սրանք արդեն ածանցյալ են:

Այսինքն՝ ձեր թվարկած խնդիրներն այսօ՞ր էլ են շարունակվում բանակում:

– Այո՛, իմ նշած խնդիրների ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվել: Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այսօրվա իշխանության էլիտաները բանակում չեն ծառայել, ոչ էլ նրանց որդիները, ամենայն հավանականությամբ: Սա ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը բանակի նկատմամբ:

Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են բանակում, արդյոք դա մշակույթի փոփոխություն չի՞ կարող բերել:

– Հուսանք, բայց ես մի ուրիշ բան էլ կուզեի ասել: Ժամանակին իմ մտերիմներից մեկը պատմում էր, որ երբ Սինգապուրում էր, նման դեպք էր գրանցվել: Հայտնի է դարձել, որ Սինգապուրի վարչապետի որդին ծառայել է ինչ-որ զորամասում: Եվ լրագրողական հետաքննություն է կատարվել, թե որ զորամասում և ինչ պայմաններում է ծառայել վարչապետի որդին:

Եվ գրել էին, թե նա ինչ արտոնյալ պայմաններում է գտնվել: Մեզ մոտ եղե՞լ է այդպիսի լրագրողական հետաքննություն, անպատասխան է մնում իմ հարցը: Այս վերջին դեպքի հետ կապված ես կուզեի ասել հետևյալը՝ հարգելով պաշտպանության նախարարին, թերևս չարժեր անուններ տալ, թե ովքեր են ձերբակալված:

Տարիներ շարունակ բանակում վճարովի հիմունքներով ծառայում են նաև հոգևորականները: Օրինակ՝ հոգևոր ծառայության առաջնորդն ամսական ստանում է ավելի քան 300 հազար դրամ, զորամասի հոգևոր ծառայության սպասավորը՝ ավելի քան 200 հազար դրամ: Դրան զուգահեռ բանակում հոգեբաններ չկան, ինչքանո՞վ է արդարացված հոգևորականների ծառայությունը, ի՞նչ են նրանք փոխում այնտեղ:

– Դրանք ածանցյալ հարցեր են: Եթե իմ սկզբնական ասածները, այդ ընդհանուր մտածողությունը, հոգեբանությունը լինեին, այդ ածանցյալները, թե որ դեպքում ինչ պետք է անել, քանի տեղանոց պետք է լինեն զորանոցները և այլն, այդ հարցերն արդեն լուծված կլինեին:

Ես հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն, բայց բանակում հոգևորականների ծառայությունը ձևական հարց էր՝ ուղղակի ցույց տալու համար, որ մենք բանակում հավատացյալ ենք և այլն:

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am