«Մեզ մոտ 1 կգ լոլիկի համար ծախսում ենք մոտավորապես 300 դրամ, իսկ Թուրքիայում՝ 100 դրամ, այդ պատճառով էլ այնտեղից բերված լոլիկը էժան է». գյուղատնտես

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գյուղատնտես, Արարատի մարզի Ղուկասավան համայնքի ջերմոցատեր Ռազմիկ Համբարչյանը

– Պարո՛ն Համբարչյան, ջերմոցատերերը, ֆերմերները մտահոգություն են հայտնում, որ եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն, ապա իրենց արտադրանքի սպառումը կտրուկ կնվազի։ Դուք և՞ս մտահոգություններ ունեք այս առումով։

– Ո՛չ, ես նման մտահոգություններ չունեմ, որովհետև ես մի փոքր ավելի հեռուն եմ նայում ու խնդրին նայում եմ պետական շահերից ելնելով։ 500 մետր փոքր ջերմոցը տարեկան ունենում է 6-8 մլն եկամուտ, որ տարեկան 2-3 մլն եկամուտ ունենա, էլի լավ է, փոխարենը՝ 3 մլն ազգաբնակչությունը 300 դրամով էժան լոլիկ, վարունգ կամ այլ բանջարեղեն կուտի: Հիմա ո՞րն է ճիշտ, մենակ մե՞նք՝ ջերմոցատերերս, լավ ապրենք, թե՞ ամբողջ ազգաբնակչությունը։

Հիմա ես ունեմ 2 հեկտար ջերմոց ու այն ժամանակ ունեի 50 մլն եկամուտ, այս տարի կունենամ 10 մլն եկամուտ, որից էլի դժգոհ չեմ, փոխարենը՝ նաև ազգաբնակչությունը շատ թանկ մթերք չի գնի․ լոլիկի կիլոգրամը 600 դրամ է հիմա։

Եթե անձնական շահի տեսանկյունից նայենք, շատ լավ կլիներ, որ Թուրքիայի սահմանն էլ փակեին, Իրանինն էլ, որ լոլիկի կիլոգրամը 2000 դրամ դառնար, ես էլ միանգամից հարստանայի։ Ֆերմերների մտահոգության հիմքում անձնական շահն է, ուրիշ խնդիր չկա։

– Բայց դուք երկար տարիներ պայքարում էիք Թուրքիայից ներկրվող լոլիկի դեմ։ Ձեր անձնական շահո՞վ էիք առաջնորդվում։

– Այո՛, պայքարում էի, բայց այն ժամանակ ուրիշ էր, որովհետև Թուրքիայից լոլիկը բերում էին կարտոֆիլի անվան տակ, իսկ այդ պարագայում մենք ավելի շատ էինք վնաս կրում։ Ես դրա դեմ էի պայքարում, որ լոլիկն այլ մթերքի անվան տակ չներկրվի, իսկ հիմա բացառվում է նման բան, որ այլ ապրանքի անվան տակ ներկրեն լրիվ ուրիշ ապրանք։

– Պարո՛ն Համբարչյան, իսկ պատճառը ո՞րն է, որ տեղական արտադրանքը մրցունակ չի լինում։

– Թուրքիայից ապրանքը գալիս է ցածր ինքնարժեքով, որովհետև այնտեղ գազ չեն վառում, հոսանք չեն օգտագործում, իսկ ես իմ 2 հեկտար ջերմոցում անցած տարի միայն 50 մլն դրամի գազ եմ վառել, իսկ թուրք ջերմոցատերը 50 միլիոնի գազ չի սպառում։ Տեսեք՝ մեզ մոտ 1 կգ լոլիկի համար ծախսում ենք մոտավորապես 300 դրամ, իսկ Թուրքիայում՝ 100 դրամ, այդ պատճառով էլ այնտեղից բերված լոլիկը էժան է։ Ջերմոցային ապրանքներն են, որ հիմնականում մրցունակ չեն համարվում արդեն նշածս պատճառով, որովհետև ծախսը շատ է, իսկ, ասենք՝ կարտոֆիլը՝ ի՞նչ տարբերություն Հայաստանո՞ւմ, թե՞ Թուրքիայում է մշակվում։

– Բացի լոլիկից, Թուրքիայից էլ ի՞նչ է ներկրվում, ու ինչպե՞ս է ստացվում, որ սահմանների փակ լինելու պայմաններում էլ, միևնույն է, այնտեղից ապրանքը ներկրվում է Հայաստան։

– Համարյա ամեն ինչ էլ ներկրվում է, գրեթե բոլոր բանջարեղենները՝ վարունգ, կաղամբ, դդմիկ և այլն։ Երրորդ երկրների միջոցով է ներկրվում Հայաստան, բայց այդ դեպքում գնի մեջ տարբերություն լինում է։ Հագուստի գներն ինչո՞ւ բարձրացան, որովհետև ուղիղ Թուրքիայից չի գալիս Հայաստան, այլ՝ երրորդ երկրներից։

– Ի՞նչ է անհրաժեշտ ջերմոցային տնտեսությանը, որպեսզի կարողանա թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայի համար մրցունակ արտադրանք ապահովել։

– Ջերմոցային տնտեսությունը երբևիցե չի կարող մրցունակ լինել, որովհետև նախորդ գիշեր մեզ մոտ – 10 աստիճան էր, իսկ Անթալիայում՝ + 10։ Եթե կարող ենք կլիման փոխել, ապա կարող ենք մրցունակ արտադրանք ապահովել։ Այսինքն՝ որևէ արտադրանք տալու համար մեր ծախսերը շատ-շատ են, ինչը չի կարող չազդել արտադրանքի ինքնարժեքի վրա։

Մյուս ոլորտներում մենք ունենք մրցունակ արտադրանք․ անցած տարի մոտ 16 հազար տոննա կարտոֆիլ է Հայաստանից արտահանվել, միայն մեր գյուղից՝ 600 տոննա է դուրս հանվել, եկող տարի կաղամբ կարտահանենք։ Հայաստանի հետ, եթե համեմատեն Ռուսաստանն այս պահին, այն մրցունակ չէ, որովհետև հենց հիմա այնտեղ ջերմաստիճանը – 20 է, մեզ մոտ գարունը սկսվում է մարտ-ապրիլից, իսկ այնտեղ՝ մայիս-հունիսից։

Բացի այդ, շատ կարևոր է, որ տվյալ պահին համարժեք գործեն մեր ֆերմերները։ Ես 30 տարի զբաղվել եմ լոլիկի մշակությամբ, հիմա լիմոն եմ աճեցնում։ Եկամուտս կլինի նույնը, ինչ լոլիկի ժամանակ էր, բայց լիմոնի մշակման համար քիչ ծախս է պահանջվում։ Բացի դա, Թուրքիայից լիմոն չի ներկրվի, իմ տեղական լիմոնը մրցունակ կլինի, որովհետև սահմանային անցակետերում ցիտրուսային մրգերի համար վճարվող մաքսատուրքերը միշտ բարձր են։ Հնարավոր է՝ մի քանի տարի հետո էլ ուրիշ բան մշակեմ։ Պետք է կարողանալ ժամանակին համընթաց շարժվել, մտածել՝ ի՞նչ մշակել, ե՞րբ մշակել, ո՞ր սորտը դնել, բայց երբեք չդժգոհել ու չառաջնորդվել միայն անձնական շահով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am