Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեև ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետևողական աշխատանքի արդյունքը շարունակական կլինի:

«Հայաստանի Հանրապետությունը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ և խորապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ ստացված փոխգործակցության համար՝ նշելով, որ Հայաստանից ու հայ ժողովրդից իր երկիր ու իր ժողովրդին բարեկամություն, ջերմ հուշեր և հարուստ պատմություն է տանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային հարցերում: Նա համոզմունք է հայտնել, որ այս համատեքստում միջխորհրդարանական ձևաչափով համատեղ անելիքները շատ են: