«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ

«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ
«Կուտակային» խորամանկություն . Գործատուները` անորոշության մեջ են, հաշվապահները` փակուղու առաջ

Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ:  

«Մենք հայտնվել ենք այն վիճակում, որ ճար չունենք: Ինքնաշխատ տարբերակով ավտոմատ համակարգը տանում է այդ  գումարը », – «Մեդիալաբին» ասում է կազմակերպություններից մեկի հաշվապահը, ով նախընտրեց անանուն մնալ:

Հաշվապահը նշում է, որ էլեկտրոնային  հաշվետվությունը հնարավոր չի ուղարկել` առանց տվյալ դաշտը լրացնելու:

«Քաղաքացու` պարտադիր կուտակայինի մասնակից լինելու դեպքում,  էլեկտրոնային համակարգը հաշվում է եւ եկամտային հարկը եւ կուտակայյին վճարը տվյալ ֆիքսված աշխատավարձից, մենք ոչինչ չենք կարող անել», -նշում է նա:

Քաղաքացուց գանձված պարտադիր կուտակային վճարը գործատուն պարտավոր է փոխանցել ֆինանսների նախարարությունում բացված հատուկ գանձապետական հաշվին, որը այսպես ասած, կամուրջ հաշիվ է: 

Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:

Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը փետրվարի  18-ին հիշեցրել էր գործատուներին, որ նրանք որպես հարկային գործակալ, կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն ունեն: Նախարարությունը նաեւ նշել էր  վերջնաժամկետը` փետրվարի 19-ը։

Իրավաբան  Արա Ղազարյանը ֆինանսների նախարարության այս հիշեցումը ուղղակի ճնշում է համարում գործատուների վրա:

Նրա խոսքով, ըստ էության , փոխանցում կատարելով, խախտվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, որով մինչեւ օրենքի «պարտադիր» բաղադրիչի սահմանադրականության հարցըի որոշումը, ՍԴ-ն կասեցրեց  «Կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Հիշեցնենք, որ օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:

«Գործատուներին մի հարց պետք է տալ, եթե Դուք գանձումը կատարում եք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դուք կամ օպերատորը քաղաքացու փոխարեն որոշում է, թե նա պարտադիր կուտակային  որ ֆոնդին եւ որ  կառավարչին պետք է ամրակցված լինի:  Նրանք որպես կանոն պատասխանում են, որ ինքնին համակարգն այնպես է կառուցված,  որ այդ ընտրությունն էլ է կատարված: Եթե դա այդպես է, դա արդեն իսկ ՍԴ որոշման խախտում է»,- «Մեդիալաբին» ասում է Արա Ղազարյանը:

ՍԴ-ն իր որոշման մեջ, Արա Ղազարյանի խոսքով,  փաստել է, որ «Կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքն ընդունելիս քաղաքացիները բավարար կերպով իրազեկված չեն եղել եւ ստեղծված  անորոշության մթնոլորտը նրանց համար կարող է անդառնալի հետեւանք ունենալ, ուստի ՍԴ-ն մինչեւ վերջնական որոշում ընդունելը , կասեցրել է օրենքի կիրառումը:  

«Մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն հունվարի մեկից  առ այսօր եւ մինչեւ մարտի վերջը, ցանկացած օր քաղաքացու համար անօրոշության վիճակ է, որովհետեւ նա վատ  է իրազեկվել: Եթե այդ անորոշության պայմաններում գանձումը կատարում ես, դու  համակարգը գործ ես դնում եւ քաղաքացուն արդեն իսկ ներքաշում ես այդ համակարգի մեջ, մնչդեռ նա անորոշության մեջ է», -բացատրում է մասնագետը` հավելելով, որ ՍԴ հենց այն դրույթն է կասեցրել, որն այդ համակարգի աշխատելու առաջին հիմքն էր, քանի որ համակարգը պետք է սկսեր աշխատել, երբ քաղաքացին ֆոնդի ու կառավարչի ընտրությունը կատարեր:

Արա Ղազարյանը շեշտում է, որ ՍԴ աշխատակարգային որոշումից անմիջապես հետո պատկան մարմինները պետք է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում փոփոխություն կատարեին, որպեսզի գործատուն իր հարկային պարտավորույթունները կատարելով հանդերձ, այդ հինգ տոկոսը չգանձեր աշխատողից:

«Դա հնարավոր էր անել, որովհետեւ տեխնիկան մարդն է ստեղծում, հետեւեաբար, եթե գործադիրը կարող էր դա անել եւ չի անում, նշանակում է դիտավորյալ չի անում»,- «Մեդիալաբին» ասում է Արա Ղազարյանը:

Իրավաբանի խոսքով, գործադիր իշխանությունը իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար ելքեր է փնտրում, բայց  բախվում է ՍԴ երրորդ հոդվածին.

«Սահմանադրության երրորդ հոդվածն ասում է, որ եթե պետություննը ուզում է իր առաքելությունը կատարել, ապա այն պետք է կատարի այնպես, որ մարդու հիմնարար իրավունքների դաշտ չմտնի: Եթե պետություն իր առաքելությունը պետք է կատարի իմ իրավունքների հաշվին, ուրեմն նա չետք է այդ առաքելությունը կատարի»:

Արա Ղազարյանը նաեւ մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչները, ընդհուպ մինչեւ նախագահի մակարդակով, այնպիսի հայտարարություններ են անում, որոնք կարող են ազդել Սահմանադրական դատարանի որոշման վրա:

«Մի կողմից նրանք ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց  հաշվի առնելով, որ ՍԴ վարույթում գործ կա, իրենք պետք է կամ ձեռնպահ մնան կամ խիստ զսպված հայտարարություններ անեն, որպեսզի տպավորույթուն չստեղծվի, թե իրենք կասկածի տակ են դնում ՍԴ արդեն կայացրած որոշումը: Մենք չենք կարող ասել, որ օրինակ նախագահի հայտարարույթունը չի կարող ազդել ՍԴ ապագա որոշման վրա: Այն կարող է ազդել, կարող է նաեւ չազդել»,-ասում է Արա Ղազարյանը եւ նկատում , որ սա քաղական  մշակույթի ու քաղաքական կամքի հարց է:

© Medialab.am